Մինչև 3 մլրդ դրամ անտոկոս վարկ՝ թարմ գյուղմթերք արտահանողների համար. պետությունը կկիսի նաև վարկի երաշխիքի բեռը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից պտուղ-բանջարեղեն արտահանողներն արդեն հնարավորություն ունեն մինչև 3 մլրդ դրամի անտոկոս վարկ ստանալ՝ ֆերմերից գյուղմթերքը ձեռք բերելու նպատակով. բացի այդ՝ պետությունն իր վրա է վերցնում վարկային երաշխիքի բեռի մի մասը: «Արմենպրես»-ի հետ զրույցում պետական այս ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

Պետությունը արտահանողներին ընձեռել է այս հնարավորությունը՝ ընդլայնելով վերջին տարիներին գործող ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակում հումք ձեռք բերելու համար անտոկոս վարկ է առաջարկվում վերամշակողներին: Նախորդ տարի ծրագրի շրջանակում վարկային միջոցներով հնարավորություն է ընձեռվել նաև ձեռք բերել ներդրանքներ՝ պահածոյացման համար տարաներ, կափարիչներ, ասեպտիկ փաթեթներ:

«Այս ծրագրի շրջանակներում այս տարի հնարավորություններն ընդլայնվեցին, նախկինում գործող մինչև 1.8 մլրդ դրամ վարկային ծավալը բարձրացվեց մինչև 3 մլրդ դրամի»,-ասաց Խոջոյանը:

Պետությունը նախորդ տարի փորձել է արտահանողներին նույնպես ընդգրկել ծրագրում, բայց միայն մեկ մշակաբույսի՝ խաղողի համար: «Եվ մենք տեսանք, որ դա մեզ հնարավորություն տվեց թարմ խաղողի արտահանումը մոտ 1.7 անգամ՝ շուրջ 10 հազար տոննայով ավելացնել: Այս տարի նույնպես արդեն անցյալ տարվա մթերված խաղողը շուրջ 10 տոննայով ավելի շատ է արտահանվել, քան նախորդ տարի նույն ժամանակաշրջանում: Եվ որոշեցինք արտահանման խթանման այս հաջող ծրագիրը կիրառել նաև բոլոր մշակաբույսերի համար: Այսինքն՝ թարմ պտուղ-բանջարեղեն արտահանողները նույնպես կարող են ծրագրի մաս դառնալ»,-ասաց փոխնախարարը:

Արտահանողը պարզապես բանկ է ներկայացնում իր և ֆերմերի միջև կնքվող պայմանագիրը, ինչի հիման վրա էլ բանկը հաստատում է վարկի չափը, վաճառքն իրականացնելուց հետո բանկը գումար փոխանցում է միանգամից ֆերմերին: «Ֆերմերն իր արտադրածի համար ժամանակին ստանալով գումարը՝ կարողանում է ճիշտ կազմակերպել իր գյուղատնտեսական աշխատանքները»,-ասաց փոխնախարարը:

Բանկերում տնտեսավարողների ունեցած գրավի խնդիրը լուծելու նպատակով պետությունը նաև կիրառում է մեկ այլ դրույթ՝ իր վրա վերցնելով վարկային երաշխիքի բեռի մի մասը: «Դա նախատեսում է 2020 թվականի արտահանման ծավալով, բայց ոչ ավել, քան վարկի գումարի 50 տոկոսի չափով պետական երաշխիքի տրամադրում: Պետությունը ձեռք է մեկնում վերամշակող և արտահանող կազմակերպություններին, որոնք գումարի ներգրավման խնդիր ունեն: Բանկերի կողմից կար զգուշավորություն՝ գույքի գրավադրման, գույքի գնահատման առումով: Կառավարությունը հնարավորություն տվեց, որ այդ գնահատման ռիսկը մեղմվի՝ 50 տոկոս պատասխանատվություն վերցնելով իր վրա»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ պետական երաշխիքի տրամադրման կարգի հաստատումից հետո արդեն կարող են դիմել նաև պետական երաշխիք ստանալու համար:

Ծրագիրը վերամշակողների համար կիրառելու արդյունքում պետությունը նկատել է վերամշակված ապրանքների բավականին մեծ աճ: Պահածոյացված ապրանքների արտահանման ծավալը նախորդ տարի աճել է շուրջ 27 տոկոսով՝ գումարային արտահայտմամբ, քանակական արտահայտմամբ՝ 43 տոկոս: Հյութերի արտադրության արտահանումը կազմել է շուրջ 36 տոկոս: «Հիմնական գյուղատնտեսական ապրանքների գծով բոլոր առումներով աճ են գրանցել 2020-ին: Այս տարի վերլուծելով 4 ամսվա տեղեկատվությունը՝ արտահանումն աճել է շուրջ 52 տոկոսով: Բայց այդ տեմպը շարունակվում է: Մենք ուզում ենք խթանել այդ տեմպը»,-ասաց Խոջոյանը:

Նա նշեց՝ ուզում են արտադրողներին ապահովել բոլոր հնարավորություններով, վերացնել բոլոր խոչընդոտները, որոնք հնարավորություն կտան էլ ավելի մեծ շուկաներ գրավել և էլ ավելի շատ ապրանք արտահանել: Փոխնախարարի խոսքով՝ արտահանման խթանման այս ծրագրից օգտվողներն արդեն շատ են, թվեր դեռևս չեն հրապարակում, քանի որ ակտիվ գյուղատնտեսական սեզոն է, դրանք ամեն օր փոխվում են: Սակայն, օրինակ, անցյալ տարի վերամշակման, խաղողի արտահանման համար տրամադրվել է շուրջ 22 մլրդ դրամի ընդհանուր ծավալով անտոկոս վարկ:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային. Կաբո Վերդեն դուրս եկավ խմբից

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը