Կասկած չկա, որ բոլոր գերեվարված եղբայրները շատ շուտով վերադառնալու են. Փաշինյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը կասկած չունի, որ գերեվարված բոլոր հայ զինծառայողները Ադրբեջանից վերադառնալու են, միևնույն ժամանակ նա բացառում է կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքին:

«Առաջիկա 5 տարիներին մենք պլանավորում ենք կառուցել 2600 կմ ճանապարհ, սկսել կամ ավարտին հասցնել 15 նոր ջրամբարների կառուցումը, ապահովել Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը ՌԴ-ի հետ, Իրանի, այսպիսով՝ ամբողջ աշխարհի հետ: Կրկին ու կրկին ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն: Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք»,-վստահեցրեց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները՝ Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին, այլ բան, քան աբսուրդ, դժվար է անվանել: «Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք շատ հստակ՝ տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, և այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ և համաչափ հնարավորություններ՝ ինչպես նկարագրված է Մոսկվայի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ: Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվել այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար»,-ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, որ այսօր այդ հեռանկարին խանգարում են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, ապակառուցողական դիրքորոշումը, մասնավորապես այն փաստը, որ Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ՝ մասնավորապես գերեվարված հայ զինծառայողների վերադարձնելու մասով:

«Այնուամենայնիվ, մեր 15 գերիների վերադարձը, որը տեղի ունեցավ մի քանի օր առաջ, հույս է ներշնչում, որ առաջիկայում կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն: Որևէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շատ շուտով վերադառնալու են հայրենիք»,-ասաց նա ու կարևորեց, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան հնարավորինս արագ՝ օր առաջ:

Անվտանգային ոլորտում հրատապ մյուս հարցը Փաշինյանը համարեց հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում տիրող իրավիճակը: «Մեր բոլոր միջազգային գործընկերները կիսում են մեր տեսակետը՝ այն է՝ Ադրբեջանի զորամիավորումները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից, ընդ որում Հայաստանը պատրաստ է ընդունել միջազգային գործընկերների առաջարկը՝ զորքերի հայելային դուրսբերման, սահմանի երկայնքով ռուս սահմանապահ կետերի տեղակայման և միջազգային հովանու ներքո հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքներ տանելու մասին՝ այդ աշխատանքը սկսելով հենց Սոթք-Խոզնավար հատվածից, դրանից հետո աշխատանքներ իրականացնել մնացած հատվածներում»,-ասաց Փաշինյանը:

Նա հանրությանը կոչ արեց ամենևին չվախենալ դեմարկացիա և դելիմիտացիա բառերից՝ նշելով, որ դա գործընթաց է, որով անցնում են աշխարհի բոլոր անկախ պետությունները: Փաշինյանը նշեց, որ այդ պրոցեսը չեն փոխկապակցում Ղարաբաղի հարցի հետ: «Ղարաբաղի հարցի լուծման առումով մենք լիարժեք կերպով ընդունում ենք այն տրամաբանությունը, որ իրենց հայտարարություններում առաջ են տանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այն է՝ ԼՂ հարցը կարգավորված չէ, և այն սպասում է համապարփակ և ամբողջական լուծման: Հարցի կարգավորման մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը»,-ասաց նա:

Նա ակնհայտ համարեց, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլև ավելի է ընդգծվում այնպիսի օրինակներով, ինչպիսին Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն է: «Միջազգային հանրության ուշադրությունը մենք պետք է հետևողականորեն բևեռենք այս և այսօրինակ փաստերի վրա՝ ընդգծելով, որ անջատում հանուն փրկությանը հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է »,- ասաց Փաշինյանը:

Նա միջազգային հարաբերությունների առումով անվտանգության առանցքը համարեց հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ նշելով, որ դրանց զարգացումը առաջնահերթությունների թվում է: Տարածաշրջանային անվտանգության առումով նա հատուկ ընդգծեց Իրանի հետ Հայաստանի համագործակցության խորացման անհրաժեշտությունը և ռազմավարական երկխոսության մեկնարկը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ամբողջական վերաներգրավումը տարածաշրջանային անվտանգության գործերին:

Հայերեն العربية Русский

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է. ՀՀ վարչապետի ելույթը

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին