Տնտեսություն

ԶՀԿ-ի գործադիր խորհրդի անդամ ընտրվելը մեծ հնարավորություն է բացում ՀՀ-ի համար. մանրամասներ Աթենքից

3 րոպեի ընթերցում

ԶՀԿ-ի գործադիր խորհրդի անդամ ընտրվելը մեծ հնարավորություն է բացում ՀՀ-ի համար. մանրամասներ Աթենքից

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021-2025թթ. ժամանակահատվածի համար ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ Հայաստանի ընտրվելը կարևոր ձեռքբերում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը, ով այժմ Աթենքում մասնակցում է ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստին և այնտեղից մանրամասներ ներկայացրեց:

«Սա շատ կարևոր ձեռքբերում է, խորհրդի անդամ դառնալը մեծ հնարավորություններ է բացում մեզ համար: Նախկինում մենք մասնակցում էինք գործադիր խորհրդի նիստերին, սակայն ձայնի իրավունք չունեինք: Հիմա մենք կարող ենք անմիջական մասնակցություն ունենալ քննարկումներին, մեր ձայնը լսելի դարձնել: Սա առաջին հերթին մեզ ձայնի իրավունք է տալիս»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը: Նրա խոսքով, դրանից բացի, խորհրդի անդամ դառնալը հնարավորություն է տալիս մոտիկից ու խորությամբ ծանոթանալ կազմակերպության գործունեությանը, ծրագրերին, այն ամենին ինչ իրականացվում է: Խորհրդի անդամ դառնալու հաջորդ կարևոր հնարավորությունն այն է, որ պայմաններ են ստեղծվում խորացնել համագործակցությունը բուն կազմակերպության հետ, իսկ այն զբոսաշրջության ոլորտի խոշոր կառույց է, որը համախմբում է 150-ից ավելի երկրի: Լավ հնարավորություն է համագործակցությունը խորացնելու նաև գործադիր խորհրդում ընդգրկված պետությունների հետ: Այսինքն՝ բազում հնարավորություններ է տալիս:

«Գործադիր խորհրդում քննարկվում են կազմակերպության գործունեության հետ կապված հարցերը: Կազմակերպությունն ունի տարբեր կոմիտեներ: Հիմա մենք, խորհրդի անդամ լինելով, հնարավորություն ենք ստանում ամեն կոմիտեում իրականցված աշխատանքին ավելի մոտիկից ծանոթանալ: Եվ ոչ միայն ծանոթանալ, այլև հնարավորություն ենք ձեռք բերում մեր մասնակցությունն ունենալ տվյալ ծրագրերին»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը:

Հայաստանն այս օրերին մասնակցում է ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստին: Հաջորդ կարևոր ձեռքբերումն այն է, որ 2022 թ-ին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը անց է կացվելու Հայաստանում:

«Մենք մասնակցում ենք Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նիստին, որտեղից անդամակցության հայտ է ներկայացրել 8 երկիր գործադիր խորհրդում ընդգրկվելու համար: Անցել է 5-ը, այդ թվում, Հայաստանը: Այստեղ ես կցանկանայի նշել, որ մեր դիվանագիտական կառույցները շատ լուրջ աշխատանք են տանում, բանակցություններ են վարվում տարբեր պետությունների հետ, բացի այդ, հաշվի են առնվել մեր վերցված պարտավորությունները»,-հավելեց Սոնա Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում