Հասարակական

ԱԻՆ-ում հյուրընկալվել են Լեհաստանից ժամանած լեհ և հայ բարեգործներ

2 րոպեի ընթերցում

ԱԻՆ-ում հյուրընկալվել են Լեհաստանից ժամանած լեհ և հայ բարեգործներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունում հյուընկալվել են Լեհաստանից ժամանած լեհ և հայ բարեգործներ, որոնց ջանքերով արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ծավալուն մարդասիրական օգնություն էր ցուցաբերվել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և Արցախի Հանրապետության բնակչությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իսկ պատվիրակության ղեկավար, Լեհաստանում հրշեջ տեխնիկայի, ավտոմեքենաների և քաղպաշտպանության ոլորտի գույքի արտադրությամբ զբաղվող «Շիբիցկի» ընկերության սեփականատեր Վալդեմար Շիբիցկին ԱԻ նախարարությանն անհատույց տրամադրել է մեծաքանակ գույք-սարքավորումներ:

ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն ընդունելով հյուրերին՝ իր երախտագիտությունն է հայտնել ցուցաբերած աջակցության համար և վստահեցրել, որ բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը շարունակական կլինեն:

«Ես առաջին անգամ եմ գտնվում այս հրաշալի երկրում և կարծում եմ, որ փոխհամագործակցելու, միմյանց օգնելու հնարավորություններ շատ կան: Այսօրվա հանդիպման շրջանակում կքննարկենք այդ հեռանկարները: Առաջիկայում նախատեսում ենք Հայաստան ուղարկել նոր հրշեջ տեխնիկա»,-նշել է Վալդեմար Շիբիցկին:

Հանդիպման ավարտին Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների բնագավառում ցուցաբերած աջակցության համար Վալդեմար Շիբիցկին, Սերգեյ Նացևսկին, Վարուժան Մարտիրոսյանը և Վաղարշակ Ամիրխանյանը ԱԻ նախարարի կողմից պարգևատրվել են «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներով, իսկ ՓԾ տնօրենի կողմից՝ պատվոգրերով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում