ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը փակող անձի ձերբակալության վերաբերյալ
2 րոպեի ընթերցում
![ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը փակող անձի ձերբակալության վերաբերյալ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1052430.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 2021թ. մայիսի 14-ին վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ նույն օրը` ժամը 15:30-ի սահմաններում, հասարակական վայր հանդիսացող Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ բնակավայրի բենզալցակայանի դիմացի ճանապարհահատվածում մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով համայնքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնություն գործադրելով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ, իսկ նրա կողմնակից մյուս 7 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: