Պատերազմի ընթացքում իրավիճակի մասին բաց ներկայացնելը նշանակում էր սպառել դիմադրության ռեսուրսը. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե պատերազմի ընթացքում իրավիճակի մասին ինչու բաց չի ներկայացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը:

«Մեզ ասում են, թե ինչու մենք իրավիճակի մասին բաց չէինք ներկայացնում: Իրավիճակի մասին բաց ներկայացնելը, ասելը, թե ժողովուրդ, իրավիճակն այսպես է, նշանակում է ընդհանրապես դիմադրության ռեսուրսը սպառել, այսինքն՝ բոլոր քարտերը բացել»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով նրան, թե ինչու նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ասածներին չի հակադարձել, երբ Գասպարյանը դեռ ԳՇ պետ էր և հայտարարություններ էր անում, Փաշինյանն ասաց. «Այսինքն, երկրի վարչապետը պետք է իր ենթակայի հետ հրապարակային բանավեճի մեջ մտնի՞: 100 անգամ չե՞նք դրել այդ հարցը, ասել՝ ժողովուրդ, այսպես է իրավիճակը, կարողանալո՞ւ ենք պահել, թե՞ չենք կարողանալու, ասել են՝ այո, դժվարությամբ, բայց կպահենք: Եվ գրավոր էլ զեկուցել են, որ ոչ մի քայլ հետ սկզբունքով արևելյան օպերացիոն ուղղությամբ մենք կարողանում ենք կանգնեցնել և ջախջախել հակառակորդին: Այդ պայմաններում պետք է գնայինք ու ասեինք՝ ժողովուրդ ջան, 7 շրջանները տալիս ենք, Ղարաբաղի կեսը տալիս ենք, ինչո՞ւ պետք է ասեինք: Եթե նույնիսկ ասեինք, պետք է հանեին այդ թղթերն, ասեին, որ զեկուցել են, թե մինչև «Խաղաղ օվկիանոս պատրաստ են վերցնել, և այս ազգադավ իշխանությունը ծախեց»»:

Փաշինյանը շեշտեց, որ խնդիրն այն է, որ երկրում 30 տարվա ընթացքում չեն ստեղծվել ինստիտուտներ, բաժանվել են ինստիտուտների դիպլոմներ:

2020թ. նոյեմբերի 17-ին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող Օնիկ Գասպարյանն իր ուղերձում նշել էր. «Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու - երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Ավելի ուշ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել էր 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի ընթացքում այդ ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը:

Հայերեն

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները

ԿԳՄՍՆ-ի օգոստոսյան խորհրդակցությունները՝ Արագածոտնի մարզում

Կանադան ԵՄ-ի հետ բանակցություններ կսկսի տնտեսական և անվտանգության կապերի ամրապնդման շուրջ

Պակիստանը և Իրանը քննարկում են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի վերականգնման հնարավորությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ. ձերբակալվել է 6 անձ

Տատիկի երգերից մինչև արվեստի աշխարհ․ Վալենտինա Սաֆարյանի ճանապարհը

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն