Սպորտ

Դեպի Տոկիո. մեկ տարի անց՝ երազանքների ետևից. անդրադարձ 

8 րոպեի ընթերցում

Դեպի Տոկիո. մեկ տարի անց՝ երազանքների ետևից. անդրադարձ 

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը կկայանա 2021 թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Որոշված է: Ի՞նչ խլեց մարզաշխարհից այս մեկ տարին և ի՞նչ նոր հնարավորություններ ընձեռեց: Մարզիկները կարծես թե գոհ են, որ մեկ տարի ավելի շատ մարզվելու հնարավորություն ունեցան, իսկ մարզիչնե՞րը... Այս հարցերի պատասխանները գտնելու համար զրուցել ենք մարզաշխարհի ներկայացուցիչների հետ:

ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերին գնում է մեդալներ նվաճելու ակնկալիքով: «Արթուր Ալեքսանյանը, որպես օլիմպիական չեմպիոն, այս օլիմպիական ցիկլում 2 Եվրոպայի, աշխարհի չեմպիոնի տիտղոսներ նվաճած մարզիկ, գնալու է կրկնելու Ռիոյի իր արդյունքը: Ազատ ոճային ըմբիշներից Վազգեն Թևանյանի անցած ճանապարհին նայելով՝ կարող ենք եզրակացնել, որ չեմպիոն դառնալու հնարավորություն ունի, Արսեն Հարությունյանից մեդալ սպասում ենք՝ չեմպիոնությունը կլինի հաճելի անակնկալ»,- ասաց փոխնախարարը: Կարեն Գիլոյանը լուրջ արդյունքներ է սպասում նաև ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանից, որը վերջին 2 տարիների աշխարհի և Եվրոպայի անփոփոխ չեմպիոն է: Ակնկալիքները մեծ են նաև բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովից՝ մնում է միայն վարկանիշ ձեռք բերել: «Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոյանին չեմպիոնի թեկնածու չեմ համարում, մեդալ կարող է նվաճել: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, եթե երկրորդ ցատկը բարձրացնի, կարող է պայքարել մինչև չեմպիոնություն»,- նշեց Գիլոյանը: Այս ծանր շրջանից հետո՝ պատերազմ, Covid-19, մեկ տարի դադար մարզաշխարհում, մեր հավաքականի մարզիկների 50%-ից ավելին հավակնում է մեդալներ նվաճել: Փոխնարարը կարծում է, որ Տոկիո 2020-ը կառանձնանա մյուս խաղերից: «Սպորտն ամբողջանում է հանդիսատեսով, իսկ առանց հանդիսատեսի սպորտը կիսատ է: Արդյուքններն էլ շատ բարձր չեն լինի, բայց եթե հաշվի առնենք, որ բոլորի համար նույն պայմաններն են, ուրեմն մրցակցությունը դրանից չի տուժի»,-եզրափակեց Գիլոյանը:

Օլիմպիական խաղերի հետաձգման գլխավոր պատճառը` կորոնավիրուսը, իր դրական ազդեցությունն է թողել համաշխարհային սպորտի զարգացման վրա: Սպորտային բժիշկ Դավիթ Մոսինյանի կարծիքով՝ վիրուսը թույլ տվեց բժիշկներին, մարզաշխարհի հետ առնչվող մարդկանց, նույնիսկ վիրուսի պայմաններում պայքարել և դեպի զարգացում տանել սպորտային բժշկությունը: Մասնագետի կարծիքով՝ կորոնավիորւսը սպորտի վրա ևս ազդել է: «Մեր դեպքում մեդալը երկու երես ունի. որքան էքստրեմալ է վիճակը, այնքան ավելի մեծ է հնարավորությունը գիտության զարգացման համար: Կորոնավիրուսից հետո բժիշկներն սկսել են առանձին ծրագրեր մշակել, որով քովիդ տարած մարզիկները վերականգնողական հատուկ ծրագիր են անցնում: Մեկ տարի է արդեն չենք պայքարում ուժեղ մրցաշարերում: Մարզիկն առանց մրցահարթակ բարձրանալու, առանց մեդալ նվաճելու, առանց գումար ստանալու` մարզիկ չէ»,- շեշտեց բժիշկը: Ի տարբերություն մյուս մարզաձևերի ծանրորդներն այս մեկ տարվա ընթացքում մարզվել են և պահել միջին մարզավիճակ: «Մեկ ամբողջ տարի ծանրորդները հավաքներ են արել, այն ժամանակ, երբ բոլորը կարանտինի էին գնում: Ծանրամարտի հավաքականն ամբողջ թիմով ինքնամեկուսացել էր»,- փաստեց մասնագետը: Մարզիչները երկարատև դադարից հետո արդեն անցել են ծանրաբեռնված մարզումների:

Ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը փաստեց, որ մեր հավաքականի անդամները քովիդի պայմաններում մեկուսացել և շարունակել են մարզվել: «Բացասական ազդեցությունն, իհարկե, մեծ էր, մարզիկներն էլ սովոր են հանդիսատեսի ներկայությամբ մրցելուն: Եթե խաղերը ժամանակին անցկացվեին ավելի լավ կլիներ, բայց պատկերացրեք, որ ամբողջ աշխարհում մենք ավելի շուտ ընտելացանք այդ մարզումներին, քան ուրիշները: Այդ պատճառով էլ այսօր մենք ավելի լավ արդյունքներ գրանցեցինք»,- նշեց Խաչատրյանը: Օլիմպիական խաղերի հետաձգումից հետո դրական ազդեցությունն առավելապես եղել է մարզչական աշխատանքում: Վիգեն Խաչատրյանը նշեց, որ արտաքին աշխարհի հետ շփումը այս ընթացքում չի դադարել: «Մենք անընդհատ մարզվել ենք, եթե նախկինում օրվա ընթացքում մարզվում էինք 4-6 ժամ, հիմա արդեն 2 ժամով ավելի, որն առավե դրական արդյունք է տալիս: Միգուցե մարզիկները դա չեն նկատում, բայց մենք առաջ ենք գնում»,- նշեց մարզիչը: Խաչատրյանը հավելեց, որ առավել դժվար էին մարզումները կարանտինի ընթացքում՝ երբ փակվել էին մարզադպրոցները: Նա նշեց, որ նույնիսկ ծանրաձող են տարել մարզիկների տուն և առցանց դասեր անցկացրել, ինչն այսօր արտացոլվում է գրանցած արդյունքներում: Աշխարհով մեկ տարածում գտած Covid-19-ն անմասն չթողեց և ոչ մի մարզաձև:

Այդ մասին խոսել ենք ըմբիշ, աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանի հետ: Մարզիկը մեզ հետ զրույցում նշեց Covid-19-ի դրական և բացասական ազդեցությունները: «Դրական կողմն այն էր, որ մեկ տարի ավելի ժամանակ ունեցանք լավ պատրաստվելու համար, իսկ բացասականը՝ այն էր, որ չէինք կարողանում գորգային մարզումներ անցկացնել»,- ասաց Թևանյանը: Ըմբշամարտը կոնտակտային մարզաձև է, ինչպես բռնցքամարտը, ձյուդոն, կարատեն և շատ այլ մարզաձևեր, որոնք կարանտինի ընթացքում խիստ սահմանափակումների ենթարկվեցին: Մարզիկներին չէր թույլատրվում գորգային մարզումներ անցկացնել, սակայն նրանք այլ տարբերակներ էին գտել: «Մարզավիճակը պահպանելու համար մարմնամարզությամբ ենք զբաղվել, վազում էինք առավոտյան և ուժային վարժություններ էինք անում»,- նշեց ըմբիշը: Այսօր արդեն Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերից մեզ բաժանում է ընդամենը 85 օր. Երազանքը սարերի ետևում չէ, իսկ մեր մարզիկներն արդեն լրջորեն պատրաստվում են հուլիսի 23-ին մեկնարկող խաղերին:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ նոր տեսակի կորոնավիրուսի ի հայտ գալը և Օլիմպիական խաղերի հետաձգումը մի շարք դեպքերում դրական ազդեցություն են ունեցել սպորտի վրա: Մեկ տարվա դադարը հնարավորություն տվեց ավելի լավ պատրաստվել խաղերին, բժշկական տեսանկյունից՝ այն թույլ տվեց հասկանալ, թե մարզիկների մոտ ինչ փոփոխություններ են կատարվում վիրուսն օրգանիզմում կրելուց հետո: Մարզիչները նման ծայրահեղ պայմաններում կարողացան մարզման ելքը գտնել, և այսօր մարզումների այդ գրաֆիկն ավելի օգտակար է: Իհարկե, խաղերի հետաձգումը առավելապես դժվարացրեց և դանդաղեցրեց շատ գործընթացներ: Ամենաառաջինը կարող ենք նկատել՝ մարզիկներին զրկեց հանդիսատեսից: Կորոնավիրուսն ընդհանուր առմամբ դրական, թե բացասական ազդեցություն կունենա մարզաշխարհի վրա, ցույց կտան Օլիմպիական խաղերի արդյունքները:

Հասմիկ Հակոբյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում