Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է բազմավաստակ գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

«Ադոլֆ Մանթաշյանը ծնվել է Երևանում՝ 1932թ. օգոստոսի 16-ին: Նա իր գիտական գործունեությունը սկսել է 1956թ., երբ գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և, որպես լավագույն շրջանավարտ, հրավիրվել աշխատելու Քիմիական տեխնոլոգիաների պրոցեսների և ապարատների ամբիոնում: 1958թ. նա գործուղվել է Մոսկվա՝ ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, որպես ասպիրանտ, որտեղ և ճանաչված գիտնական Արամ Նալբանդյանի անմիջական ղեկավարությամբ պաշտպանել թեկնածուական դիսերտացիան:

Անգնահատելի են Ադոլֆ Մանթաշյանի ծառայություններն ակադեմիկոս Արամ Նալբանդյանի կողմից ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի լաբորատորիայի հիմնադրման գործում, որը 1975թ. Վերակազմավորվել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի: Այստեղ նա իրականացրել է իր հիմնական հիմնարար գիտական աշխատանքները և պաշտպանել է դոկտորական դիսերտացիան:

1973թ. միչև օրս Ադոլֆ Մանթաշյանը եղել է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի վարիչ, 1987- 2006թթ. զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Այդ ժամանակահատվածը բարդ էր ինչպես գիտական հանրության, այնպես էլ Հայաստանի համար առհասարակ: Այդ դժվար իրավիճակում Ադոլֆ Մանթաշանի գլխավորությամբ և ինստիտուտի կոլեկտիվի ջանքերով հաջողվել է շարունակել գիտական աշխատանքը և պահպանել ինստիտուտի դիմագիծը:

2007-2011թթ. Ադոլֆ Մանթաշյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը:

Ադոլֆ Մանթաշյանի գիտական գործունեությունը հիմնականում ուղղված էր բարդ, բազմափուլ քիմիական ռեակցիաների կինետիկային, որոնք ընթանում են ազատ ռադիկալների մասնակցությամբ, այրման քիմիական պրոցեսին, լուսա- և լազերաքիմիական պրոցեսներին, ածխաջրածինների օքսիդացման ռեակցիաների սառը բոցերին և տատանումներին: Նա ճանաչված գիտնական է ածխաջրածինների օքսիդային փոխարկման գազաֆազ ռեակցիանների բնագավառում: Աշխատանքները, որոնք իրականացվել են նրա անմիջական ղեկավարությամբ, ներկայացվել են միջազգային գիտաժողովներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում:

Ադոլֆ Մանթաշյան քիմիկոս գիտնականին բնորոշ էր հիմնարար գիտական հիմնախնդիրների համադրումը գործնական խնդիրների հետ: Գիտական նշանակալի ձեռքբերումներից կարելի է առանձնացնել հետևյալները.

  • Արամ Նալբանդյանի հետ համատեղ մշակվել է ազատ ռադիկալների սառեցման (մատրիցային մեկուսացում) նոր, արդյունավետ կինետիկական եղանակ էլեկտրոնային պարամագնիսական ռեզոնանսի սպեկտրոսկոպիայի համակցմամբ:
  • Տվյալ եղանակի կիրառմամբ առաջին անգամ բացահայտվել է ածխաջրածինների օքսիդացման գազաֆազ շղթայական ռեակցիաների ազատ ռադիկալները:
  • Հաստատվել է ոչ գծային ռեակցիաների պերօքսիդային ռադիկալների միջև որոշիչ դերակատարությունը ածխաջրածինների օքսիդացման գազաֆազ ռեակցիաներում:
  • Առաջարկվել է ածխաջրածինների օքսիդացման գործնականորեն նոր մեխանիզմ, որը թույլ է տալիս պարաֆինային և օլեֆինային ածխաջրածինների օքսիդացումը դիտարկել միևնույն տեսանկյունից:
  • Ածխաջրածինների օքսիդացման արդյունքում մշակվել են արտադրական կարևոր միացությունների ստացման եղանակներ, ինչպիսիք են էթիլենը, պրոպիլենը և դրա օքսիդները:

Առանձնակի ուշադրության է արժանի Ադոլֆ Մանթաշյանի կողմից ստեղծված նոր գիտական ուղղությունը՝ պնդաֆազ և գազաֆազ անօրգանական միացությունների փոխակերպումն ազատ ռադիկալային շղթայական ռեակցիաների ազդեցությամբ: Մշակված մոտեցումը նոր հնարավորություններ է ստեղծում մետաղական հանքային հումքի վերամշակման գործում, որը ներառում է ծծումբ պարունակող միացություններ և օքսիդներ: Դրա հիման վրա մշակվել է պերլիտի և քվարցիտի մաքրման արդյունավետ եղանակ:

Ադոլֆ Մանթաշյանը հատուկ ուշադրություն էր դարձնում երիտասարդ կադրերի պատրասմանը: 1963-1976թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի Տեսական քիմիայի ամբիոնում: Շուրջ 15 տարի հասարակական հիմունքներով ղեկավարել է Ընդհանուր և անօրգանական քիմիայի ամբիոնը:

Ճանաչված գիտնականի, արժանապատիվ քաղաքացու, բարյացակամ անձնավորության հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների և գործընկերների սրտերում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

ՌԴ-ի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունները քննարկում են դիզելային վառելիքի մատակարարումների պայմանագրերը

Համաշխարհային օպերային աստղերը՝ Երևանում. Գեղամ Գրիգորյանի հոբելյանը համախմբել է Պլասիդո Դոմինգոյին, Հասմիկ Գրիգորյանին և այլ հայտնիների

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-14/10/26

Ասիական ինդեքսներ - 14-10-26

Վառնան հոկտեմբերի 16-17-ին կհյուրընկալի Urban Wine Fest-ը. BTA

Զինված ուժերում ոչ մարտական մահերի կանխարգելումը համակարգային բարեփոխումներ է պահանջում․ ՄԻՊ