Հասարակական

Գորիսի փոխքաղաքապետը հայտնում է զոհվածներին տեղափոխող մեքենայի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից քարեր նետելու մասին

2 րոպեի ընթերցում

Գորիսի փոխքաղաքապետը հայտնում է զոհվածներին տեղափոխող մեքենայի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից քարեր նետելու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հայտնում է, որ մարտի 28-ի գիշերը ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի ուղղությամբ, ջարդել ապակիները։

«Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել, շարունակել է վարել, Գորիս է հասցրել զոհվածների մարմինները: Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքն ի վերջո ո”վ պետք է երաշխավորի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Իրինա Յոլյանն՝ ավելացնելով, որ սրանք փաստեր են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք պետք է արձանագրվեն և միջոցներ ձեռնարկվեն:

Իրինա Յոլյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ բարեբախտաբար վարորդը վնասվածք չի ստացել, վնասվել է միայն ավտոմեքենան: Գորիսի համայնքապետարանն իր վրա է վերցնելու պատճառված վնասը փոխհատուցելու ծախսերը: Նա նաև տեղեկացրեց, որ դեպքին շատ արագ արձագանքել են Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը:

Օրեր առաջ Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին, ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում