Հասարակական

Աճեմյանցիները Թատրոնի միջազգային օրը ազդարարեցին պաշտոնական կայքի գործարկմամբ

2 րոպեի ընթերցում

Աճեմյանցիները Թատրոնի միջազգային օրը ազդարարեցին պաշտոնական կայքի գործարկմամբ

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Թատրոնի միջազգային օրը, նշանավորեց թատրոնի պաշտոնական կայքի գործարկմամբ: Այնոչ միայն հնարավորություն կտա հանդիսատեսին ծանոթանալու թատրոնի ինֆորմացիոն ողջ բազային՝ տարեգրություն, դերասանական կազմ, ներկայացումներ, այլ նաև առցանց տոմսեր պատվիրել: Թատոնին ու թատերասերներին այս անգնահատելի նվերն անվարձահատույց մատուցել է Brain Fors թիմը:

Կայքի շնորհանդեսին, մասնագիտական տոնի առթիվ, շնորհավորելով ոչ միայն աճեմյանցիներին, այլ նաև բոլոր թատերասերներին, թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն առողջություն ու խաղաղություն մաղթեց: «Թատրոնի միջազգային օրը տոն է շնորհավորելու բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ եղել են ու կան թատրոնի կողքին ու թատրոնի ամենամտերիմ բարեկամներն են: Մասնագիտական տոնն ինձ համար միշտ տոն է եղել, բայց ամենալավ նվերը ստացանք այսօր՝ այս կայքով: Մենք սրա մասին տարիներ ենք մտածել: 21-րդ դարում սա այն կարևոր բանն էր, որ պետք է ունենար թատրոնը, բայց չուներ»,-շնորհավորելով բոլորին նշեց Լյուդվիգ Հարությունյանը շնորհակալություն հայտնելով նաև այն լրատվամիջոցներին, որոնք միշտ եղել են թատրոնի կողքին:

Օրվա առիթով Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 9 աշխատակիցների Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի անունից պատվոգրեր հանձնվեցին` արդյունավետ աշխատանքային գործունեության և թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Գյումրու համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը շնորհավորեց բոլորին մասնագիտական տոնի առիթով` մաղթելով բեղմնավոր աշխատանքային և ստեղծագործական գործունեություն, միաժամանակ ներկաներին փոխանցեց նաև Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը:

Տոնի առթիվ կայքի ստեղծման համար թատրոնի տնօրինության անունից շնորհակալագիր ստացան նաև Brain Fors թիմն ու Անի ֆոտոսերվիսը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում