«Արմենպրես»-ի տնօրենը մասնակցել է Թուրքմենստանի անկախության 30-ամյակին նվիրված առցանց հանդիպմանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանի անկախության 30-ամյակի, նրա մշտական չեզոքության 25-ամյակի, ինչպես նաև 2021 թվականին Թուրքմենստանը խաղաղության և վստահության հայրենիք հռչակելու կապակցությամբ մարտի 24-ին անցկացվեց առցանց հանդիպում, որին միացել էին ԶԼՄ-ների միջազգային ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ժամանակակից աշխարհում խաղաղության և վստահության արդիականությունը» թեմայով առցանց պրես-կոնֆերանսին Հայաստանը ներկայացնում էին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը և ռուսական բաժնի ղեկավար Հայկ Ջանփոլադյանը:
Առցանց հանդիպման ժամանակ խոսվել է լրատվամիջոցների կապի կարևորության, ԱՊՀ-ում ընդհանուր կամուրջներ ստեղծելու անհրաժեշտության մասին: Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսային համավարակի պայմաններում լրատվամիջոցների գործունեության, բարդություններին և դրական կողմերին:
Խոսելով ժամանակակից աշխարհում տեղեկատվական փոխակերպումների մասին` Արամ Անանյանը նշել է, որ ընթերցողները և լսարանը պահանջում են նոր ֆորմատներ:
Անանյանը նաև անդրադարձել է հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացմանը և ընդգծել, որ դրանք միշտ եղել են օրինակելի և բարեկամական:
«Արմենպրես»-ի տնօրենը ընդգծել է, որ 2020-ին համալրվել է տեխնիկապես գործակալության ֆոտոբաժինը և վիդեոբաժնիը, գործարկվել է «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի նոր կայքը, ինչպես նաև պլանավորվում է գործարկել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի նոր կայքը: Խոսելով գործակալության այլ ձեռքբերումների և ծրագրերի մասին` Անանյանը նշեց, որ «Արմենպրես»-ը պլանավորում է տեղեկատվական արտադրանքը ներկայացրել ևս 2 լեզվով:
«Արմենպրես»-ի և Թուրքմենստանի պետական լրատվական գործակալության միջև համագործակցության հուշագրի ստորագրումը վերջնական փուլում է և գործակալությունները աշխատում են ստորագրումը կազմակերպելու ուղղությամբ: