Հասարակական

Ինչ քայլեր պետք է անի ՀՀ քաղաքացին ՌԴ մուտքի համար. կառավարությունը ներկայացրեց մանրամասներ

3 րոպեի ընթերցում

Ինչ քայլեր պետք է անի ՀՀ քաղաքացին ՌԴ մուտքի համար. կառավարությունը ներկայացրեց մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Ռուսաստան այցելությունների սահմանափակումների վերացումը նաև ունի սոցիալական բաղադրիչ: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» ծրագրին, որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններն ընդունել են որոշումներ:

«Կորոնավիրուսով պայմանավորված դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել. մեր բազմաթիվ հայրենակիցներ հարց էին բարձրացնում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ: Սա նաև սոցիալական բաղադրիչ ունեցող հարց է, որովհետև մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ գործադիրը նախորդ տարվանից ՌԴ և ԵԱՏՄ գործընկերների հետ աշխատում է այս թեմայի վրա և կարծես ունենք կոնկրետ արդյունք: «Գործարկվում է «Ճամփորդում եմ առանց covid-19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի ու ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհով ճամփորդել դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ: Այս ծրագիրը մեկնարկում է առայժմ պիլոտային կարգով, մինչև մարտի 1-ը: Բայց գործնականում կարծում ենք՝ այն կաշխատի, որովհետև նախափորձարկումն արդեն հաջող անցել է»,- ասաց նա՝ հավելելով, որ այս փաստի բերումով չվերթները կավելանան:

Իր հերթին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «Ճամփորդում եմ առանց covid-19-ի» հավելվածը, որում նշված են այն լաբորատորիաները, որոնք ընդգրկված են այդ ծրագրում: «Այդ լաբորատորիաներում նրանք հանձնում են թեստ, դրա արդյունքները մտցվում են համապատասխան ծրագրով ու բացասական պատասխանի դեպքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը եւ քաղաքացին կարողանում է հատել սահմանը»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ թեստի պատասխանը գործում է 72 ժամվա ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում