Փաստ մեկնաբանությամբ

Թուրքիան դառնում է սեփական ամբիցիաների զոհ

2 րոպեի ընթերցում

Թուրքիան դառնում է սեփական ամբիցիաների զոհ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի համոզմամբ, լուրջ պատժամիջոցների կիրառման պարագայում Թուրքիայի համար բարդ կլինի դրանց դիմակայելը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նա նշեց, որ Թուրքիայի տնտեսությունը, ի տարբերություն Իրանի, շատ ավելի բաց է՝ հիմնված մշակված, բարձր ավելացված արժեքներով ապրանքների, ծառայությունների արտահանման վրա:

«Թուրքայի համար բարդ կլինի դիմադրել պատժամիջոցներին, եթե դրանք խիստ լինեն: Մենք այսօր որոշ տեղերից, մասնավորապես, Սաուդյան Արաբիայից տեսնում ենք խիստ պատժամիջոցներ: Մեծ մասշտաբի դեր չի խաղում, սակայն թուրքական ապրանքների վրա Հայաստանի էմբարգոն ևս կարևոր է, հատկապես քաղաքական առումով»,- ասաց մասնագետը:

Տնտեսական դժվարությունների հետևանքով, ըստ Հրանտ Միքայելյանի, խնդրի առաջ է կանգնած Էրդողանի մինչև 2023 թվականի տնտեսական ծրագիրը: Նա դրա շրջանակում շատ մեծ նախագծեր էր պատկերացնում: Այժմ դրանց իրականացումը հարցականի տակ է:

«Թուրքիան դառնում է սեփական ամբիցիաների զոհ, դա երևում է տնտեսությունում: Նա վտանգում է իր երկարատև ներդրումները: Հիմա ավելի շատ է քննարկվում պատժամիջոցների հարցը, բոլորը գիտեն, որ Թուրքիան խոցելի է: ԵՄ-ում կան երկրներ, որոնք դեմ են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին, սակայն բացառված չէ, որ այդ դիրքորոշումները փոխվեն: Եվ դա հատկապես այն ֆոնին, որ Թուրքիան ուղղակի կամ անուղղակի ստեղծում է: Ինչպես գիտենք, արցախյան պատերազմի հետ կապվում է ահաբեկչության ակտիվացումը Եվրոպայում: Այսպիսով, Թուրքիայի շուրջ ստեղծվում է ոչ բարենպաստ ֆոն»,- ասաց նա:

Տնտեսագետը նկատեց, որ Թուրքիան կփորձի կոմպենսացնել այն իսլամական երկրներից նեդրումներով, որոնց հետ լավ հարաբերություններ է պահպանում: Թուրքիայի արտաքին քաղաքական ակտիվացումը տնտեսական նպատակներ ունի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում