Հասարակական

ՄԻՊ-ը հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի առնվազն 1815 հեկտար անտառների հրդեհելու մասին

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի առնվազն 1815 հեկտար անտառների հրդեհելու մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նախնական տեղեկություններով` Ադրբեջանի կողմից հրդեհի է մատնվել Արցախի առնվազն 1815 հա անտառածածկ տարածք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

«Քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների թիրախավորմանը զուգահեռ՝ հատկապես վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ հրդեհում են Արցախի անտառածածկ տարածքները՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները: Նախնական տեղեկություններով՝ հրդեհի է մատնվել արդեն 1815 հեկտար անտառածածկ տարածք, սակայն տարբեր վայրերում հրդեհները շարունակվում են, և առկա է ծավալների արագ աճի միտում:

Հաշվի առնելով հրդեհված անտառների ծավալն ու աշխարհագրական ընդգրկվածությունը՝ Արցախի Հանրապետության բնակչությունը կանգնած է բնապահպանական աղետի առաջ, որը խարխլում է տարածաշրջանում բնապահպանական անվտանգությունը և երկարաժամկետ վտանգավոր հետևանքներ է պարունակում Արցախի բնակչության կյանքի ու առողջության համար: Բացի դրանից, ադրբեջանական զինված ուժերն այդ հանցավոր մեթոդաբանությամբ նպատակ ունեն վնասել անտառներում ապաստանած քաղաքացիական բնակչությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանն ընդգծում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը պատերազմական հանցագործություն է և կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հանցագործությունները դատապարտելու և պատասխանատուներին պատժելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում