Հասարակական

Հայկական կողմը տապալել է Ադրբեջանի հարձակողական գործողությունները. մարտերը շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Հայկական կողմը տապալել է Ադրբեջանի հարձակողական գործողությունները. մարտերը շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմը տապալել է օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի բոլոր հարձակողական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահին մարտերը շարունակվում են: Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք երեք-չորս ուղղությամբ են եղել, տապալված են: Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք` Մարտունուց հարավ` Ճարտարի ուղղությամբ: Կիրառվել են վաշտ, գումարտակ չափի ստորաբաժանումներ: Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում