ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է Լեռնային Ղարաբաղում տեղակայել սկանդինավյան երկրների խաղաղապահներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը:
«Հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից: Թուրքիայի որևէ տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն անընդունելի է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար: Մենք հավատում ենք, որ երկու կողմերն էլ կընդունեն սկանդինավյան խաղաղապահների տարբերակը: Մենք աշխատում ենք սկանդինավյան պետությունների կառավարությունների հետ Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ բերելու մասով, որպեսզի հրադադարը պահպանվի»,- ասել է նա:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։
Նորայր Շողիկյան