Հասարակական

ԼՂ հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով. Դմիտրի Մեդվեդև

3 րոպեի ընթերցում

ԼՂ հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով. Դմիտրի Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով, կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Վկոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր փուլը կրկին հանգեցրեց արյունահեղության, մարդկանց մահվան: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող լուծվել բռնի ճանապարհով: Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», - գրել է Մեդվեդևը:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահը Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է արել հանդարտվել, դադարեցնել սրացումը, զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, հակառակ դեպքում աղետից խուսափել հնարավոր չէ:

«Ես բազմիցս համոզվել եմ դրանում, այդ թվում նաև այն ժամանակ, երբ ես Ռուսաստանի Դաշնությունից միջնորդ էի հանդես գալիս երկու երկրների ղեկավարների բանակցությունների ընթացքում: Այժմ բոլոր կողմերը պետք է հանդարտվեն», - գրել է Մեդվեդևը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում