Տնտեսություն

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին անդրադարձ է կատարվել տնտեսական և IT ոլորտներին

3 րոպեի ընթերցում

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին անդրադարձ է կատարվել տնտեսական և IT ոլորտներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Մեթ Մյուրեյի համանախագահությամբ կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ նիստը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանը և դրանց զարգացման հեռանկարին:

Սեդրակ Բարսեղյանն ամերիկյան կողմին ներկայացրել է Հայաստանի Կառավարության գերակայությունները՝ անդրադառնալով ոլորտային ռազմավարությունների և 2020-2050 թթ. ՀՀ վերափոխման ռազմավարության կարևորությանը և առաջնահերթություններին: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանին տրամադրվող աջակցությունն ընդլայնելու համար, որն ուղղված էր ոչ միայն կորոնավիրուսի հաղթահարմանը առողջապահության ոլորտում, այլև մյուս ոլորտներում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը:

Հայկական կողմից ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունների ներկայացուցիչները:

ԱՄՆ կողմից համանախագահող Մեթ Մյուրեյը նիստի ընթացքում, շնորհավորելով հայկական կողմին սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած Անկախության տոնի կապակցությամբ, ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում կանանց դերի խթանման հարցին:

ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին նիստի ընթացքում ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Ամփոփելով նիստը հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները կարևորել են նման ձևաչափով քննարկումները՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում