Հասարակական

Երկու իրանցի եվրոպական երկրներ տեղափոխելու պատրվակով խաբեությամբ ՀՀ են տեղափոխել ԻԻՀ 50 քաղաքացու

2 րոպեի ընթերցում

Երկու իրանցի եվրոպական երկրներ տեղափոխելու պատրվակով խաբեությամբ ՀՀ են տեղափոխել ԻԻՀ 50 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի երկու քաղաքացի, եվրոպական պետություններ տեղափոխելու պատրվակով, խաբեությամբ հավաքագրել և Իրանից Հայաստան են տեղափոխել Իրանի շուրջ 50 քաղաքացու։ Այս մասին տեղեկություններ են ստացվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նրանց դիմավորել են հանցավոր խմբի մյուս անդամները, որոնք Հայաստանի քաղաքացիներ են։ Վերջիններս այդ անձանց վստահություն ներշնչելու համար ներկայացել են իրավապահ և դիվանագիտական ոլորտների աշխատակիցներ։ Նրանք Հայաստան տեղափոխված անձանց նպատակակետ երկրներ ուղարկելու համար պահանջել և ստացել են, նախնական տվյալներով՝ շուրջ 300 հազար դոլար։ Այնուհետև Իրանի քաղաքացիների մի մասին տեղափոխել են Թուրքիա և Վրաստան` խոստանալով այդ երկրներում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով ուղարկել եվրոպական երկրներ: Չկատարելով իրենց խոստումը՝ Իրանի քաղաքացիներին կրկին տեղափոխել են Հայաստան, վերցրել նրանց անձնագրերը և մինչև օրս տարբեր պատրվակներով հետաձգում են մեկնելու գործընթացը:

ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է Իրանի քաղաքացիներից մի քանիսի ինքնությունը։ Նրանք հրավիրվել են ոստիկանության Կենտրոնական բաժին ու հաղորդումներ տվել:

Հայտնաբերվել են նաև հանցավոր խմբի անդամները, որոնք ձերբակալվել են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է վերցված անձնագրերի մի մասը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում