Հասարակական

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, Սպիտակի և Մարտունու ԲԿ-ներում փակվում են Covid-19-ի բաժանմունքները

2 րոպեի ընթերցում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, Սպիտակի և Մարտունու ԲԿ-ներում փակվում են Covid-19-ի բաժանմունքները

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, Սպիտակի և Մարտունու բժշկական կենտրոններում փակվում են կորոնավիրուսի բուժման բաժանմունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր ինչ կայուն վիճակ և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը»,- գրել է Նիկողոսյանը:

Մամուլի խոսնակը նշել է, որ ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Բուժման ավարտից հետո նրանց տեղափոխումը իրականացնելու է առողջապահության նախարարությունը:

«Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման): Այս պահին մարզային բժշկական կենտրոններից բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը»,- նշել է Ալինա Նիկողոսյանը:

Հայաստանում, օգոստոսի 30-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 490 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 205 940 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 879 դեպք: Արձանագրվել է մահվան ևս 268 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում