Մարդաբաններն ուսումնասիրում են Սևանում ստորջրյա հետազոտողների դուրս բերած ոսկորները և նավի բեկորները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանա լճում այս տարի իրականացվել են գիտական մակարդակով ստորջրյա հնագիտական հետախուզական աշխատանքներ հնագետների, երկրաբանների արշավախմբի և «ԱրմԴայվինգ» ակումբի սուզորդների համատեղ նախաձեռնությամբ։

Սուզորդ-փրկարարը, որը 2012 թվականին ափ էր դուրս բերել մարդկային ոսկորներն ու նավակի բեկորները, տեղեկանալով սուզորդների և հնագետների այս տարվա համատեղ նախաձեռնության մասին,գտածոները փոխանցել է սուզորդների խմբին՝ գիտական ուսումնասիրություններ կատարելու համար։Մարդաբաններն ուսումնասիրում են սուզորդների՝ լճի հատակին փաստագրած խորտակված նավակի պահպանված բեկորները, որոնք դուրս են բերել ափ։Արտաքին զննությամբ՝ բեկորներից մեկի վրա պահպանված գամը՝ նման չէ գործարանային արտադրանքի, ավելի հավանական է, որ այն դարբնի աշխատանք է. հնարավոր է՝ այն ունի մի քանի հարյուրամյա պատմություն։

Կատարված հետազոտական աշխատանքի արդյունքում ափ էին դուրս բերվել մարդկային մի քանի ոսկորներ, ստորին ծնոտ՝ պահպանված ատամներով, որոնք, ըստ նախնական հետազոտության արդյունքների, հավանաբար պատկանել են չափահաս տղամարդու։

Արշավախումբն ավելի վաղ պեղումներ է իրականացրել Սևանա լճին մոտ գտնվող «Արտանիշ 23» դամբարանադաշտում, այն թվագրվում է մ.թ.ա. 12-6-րդ դարեր: Առաջին անգամ Արտանիշ գյուղում հնագիտական պեղումներ իրականացվել են անցած տարի նույն արշավախմբի նախաձեռնությամբ. «Արտանիշ 29» և «Արտանիշ 23» դամբարանադաշտերի տարածքում պեղվել էր մեկական դամբարան։

«Թաքնված և ծածկված հնագիտական հուշարձանների որոնումը երկրաքիմիական մեթոդներով»ծրագրի (ղեկավար՝ երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյան) մասին խոսելիս արշավախմբի անդամ, մասնագիտությամբ հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնեց՝ այս մեթոդը Հայաստանում առաջին անգամ է կիրառվում։ Նախկինում հանքեր գտնելու համար կիրառվել է միայն Անգլիայում։ Մեխանիզմը հետևյալն է՝ ոչ մեծ քանակության հողի նմուշից կարողանում են որոշել, թե տվյալ հատվածում հողի տակ ինչ տեսակի մետաղ կամ օրգանական նյութ կարող է լինել։ Ֆոսֆորի մեծ քանակությունը կարող է հուշել տվյալ տարածքում հողի տակ մարդկային կամ կենդանական ոսկորների կուտակումների մասին։

«Նախորդ տարի հնավայրից վերցված հողային նմուշառումով երկրաբանական մեթոդիկայի կիրառմամբ, երկրաբան-գործընկերների կողմից փաստվել էր ֆոսֆորային պիկ (կուտակում). պեղումների արդյունքում բացվել է դամբարան, որտեղ ժամանակին խմբային թաղում է իրագործված եղել։ Խոսելով դամբարանը կառուցած հնահանրության թաղման ծեսի մասին, կարող ենք մանրամասնել, որ այդ ժամանակաշրջանի մարդկանց բնորոշ է եղել, բացի մահացած մարդկանցից, դամբարանի խցում տեղադրել նաև ուղեկցող գույք՝ խեցանոթներ (երբեմն դատարկ, որոշ դեպքերում լցված որոշակի ուտելիքներով), տարատեսակ մետաղե (ոսկի, արծաթ, բրոնզ և այլն) պերճանքի առարկաներ՝ զարդեր, ուլունքներ, ինչպես նաև տղամարդկանց պարագայում զենքեր, որոնք բավականին լավ են պահպանվում» - հավելեց մարդաբան Հասմիկ Սիմոնյանը։

«Արտանիշ 23»-ի պեղումների արդյունքում դամբարանադաշտում արշավախումբը պեղել է 4 դամբարան, որոնցում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, խեցեղեն, սարդիոնե ուլունքներ։ Սակայն պետք է նշել, որ այս տարի պեղված 4 դամբարաններից մեկը տարվա սկզբին թալանվել էր գանձագողների կողմից: Ուստի հնագետները թալանված դամբարանը պեղել են ամբողջությամբ։ Թալանված դամբարանի հատակին և դուրս թափված հողի մեջ բացվել են մարդկային ոսկորների մնացորդներ, խեղեբեկորներ և սարդիոնե ուլունքներ։

Օգոստոսի սկզբին մեկնարկած աշխատանքներն ավարտվել են ամսի 25-ին։ Հնագիտական աշխատանքների վերաբերյալ ամբողջական հաշվետվությունը և արդյունքների ամփոփումը հնագետների խումբը կներկայացնի ավելի ուշ։

Մարիամ Ավանեսյան

Հայերեն Русский

Բուլղարիայում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար հասանելի է դարձել ևս տասնհինգ բուլղարական կոմիքս. BTA

Ըմբիշ Կարեն Ասլանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դարձել աշխարհի չեմպիոն

Երևանի փոխքաղաքապետն ու Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է սոցիալական աջակցության ծրագիր՝ կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-27/10/26

Իդրամն ու IDBank-ը՝ կենսաբազմազանության պահպանման նորարարական լուծումների աջակից․ COP17

Ասիական ինդեքսներն աճել են - 27/10/26

Նորվեգիայի և Ֆինլանդիայի ղեկավարները Զելենսկուն հայտնել են Պուտինի հետ իրենց զրույցի մանրամասները

ՀՀ վարչապետն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր