Հասարակական

ՄԻԵԴ-ը բավարարել է բուժման ապահովման հարցի հետ կապված Գագիկ Խաչատրյանի դիմումը

2 րոպեի ընթերցում

ՄԻԵԴ-ը բավարարել է բուժման ապահովման հարցի հետ կապված Գագիկ Խաչատրյանի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դիմումատուների միջանկյալ միջոցի հետ կապված պահանջը և Կառավարությանը պարտավորեցրել է ապահովել առողջական վիճակի հետ կապված անհրաժեշտ բժշկական սպասարկման տրամադրումը, անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Խոսքը Հայաստանի տարածքում բժշակական ծառայություններ մատուցելու մասին է»,- ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ սա սովորական պրակտիկա է, և արտառոց որևէ բան չկա։

Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար:

«Խաչատրյանի փաստաբանական թիմը բազմիցս բարձրաձայնել է այս հարցը ՀՀ բոլոր ատյաններում ու իրավասու մարմիններում, այդ թվում՝ քննչական մարմնին, դատախազությանը և ՀՀ դատարաններին, սակայն վերջիններս հետևողականորեն անտեսել և անտեսում են այդ նախազգուշացումները՝ զրկելով Գագիկ Խաչատրյանին իր հիմնարար իրավունքներից՝ համարժեք բուժում ստանալու: Փաստաբանական թիմը դիմել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ու իրավապաշտպան կառույցների»,- նշված է հայտարարության մեջ։

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում