Այս արկածախնդրությունն Ադրբեջանի համար ունենալու է անդառնալի հետևանքներ. ՀՀ ԱԺ պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը նկատում է, որ փաստորեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հուլիսի 12-ին ստացած ապտակից դասեր չի քաղել, ինչի պատասխանը լինելու է շատ ցավոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կարապետյանն այս մասին ասաց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով ԱԺ հատուկ նիստում իր ելույթում՝ հիշեցնելով, որ ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են նաև Չինարի գյուղը:

«Փաստորեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երեկվա՝ հուլիսի 12-ի ստացած ապտակից դասեր չի քաղել: Դե ինչ ընտրությունն իրենցն է, պատասխանը լինելու է շատ ցավոտ»,-ասաց Կարապետյանը:

Նա նշեց, որ երեկ՝ հուլիսի 12-ին ամբողջ օրը ՀՀ Զինված ուժերը ձեռնպահ մնացին խաղաղ բնակչության, բնավակայրերի ուղղությամբ որևէ արկ արձակելուց: Կրակը ամբողջությամբ ուղղորդված է եղել ինժեներական կառույցների և ռազմատեխնիկայի ուղղությամբ: «Ցավոք, մենք ստիպված ենք լինելու պատասխանել, պատասխանել շատ ցավոտ: Ադրբեջանը առաջնագծում կիրառում է հարվածային անօդաչուներ, տարբեր տրամաչափի զենքերից կրակ է բացում մեր դիրքերի ուղղությամբ, քիչ առաջ թիրախավորեց նաև Չինարի գյուղը: Բարեբախտաբար զոհեր, վիրավորներ չկան, կա վնասված տանիք: Հետևաբար մենք ստիպված ենք լինելու ցավոտ պատասխանել»,-ասաց պատգամավորը:

Կարապետյանը հիշեցրեց, որ հայկական կողմը 2 տարի անընդհատ կրկնում է, որ Արցախյան հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է, խաղաղություն սիրող ժողովուրդ ենք, պատրաստ՝ նստել, խոսել-բանակցելու: «Բայց միևնույն ժամանակ մենք 2 տարի ասում ենք, որ մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի: Հայկական բանակը 2 տարում մեղմ ասած բավականին փոխվել է: Մենք ունակ ենք խոցելու Ադրբեջանի տարածքում ցանկացած թիրախ, ռազմավարական նշանակության ցանկացած օբյեկտ: ՀՀ-ի ղեկավարությունը վայրկյան անգամ չի կասկածելու և վայրկյան անգամ չի մտածելու ՀՀ-ի և Արցախի սուվերենության համար՝ տալու հրաման՝ ոչնչացնելու ցանկացած թիրախ: Այս արկածախնդրությունն Ադրբեջանի համար ունենալու է անդառնալի հետևանքներ: 94-ի ձեր մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու: Կոչ եմ անում համակերպվեք այն մտքի հետ, որ բարձունքը մերն է, տղերքն էլ կան ու լինելու են»,-եզրափակեց պատգամավորը:

Ադրբեջանական զինված ուժերը, ի թիվս հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկսած իրենց սադրիչ գործողությունների, 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է

Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին