Հասարակական

Կորոնավիրուսի դեմ պայքարին միանում է ևս մի քանի բժշկական կենտրոն

2 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի դեմ պայքարին միանում է ևս մի քանի բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նորաստեղծ համակարգին կմիանա ևս մի քանի բժշկական հաստատություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Վաղը և մյուս օրը կորոնավիրուսի դեմ պայքարի այս նորաստեղծ համակարգին ևս մի քանի բժշկական հաստատություն կմիանա՝ իրենց մահճակալներով, նաև՝ ռեանիմացիոն մահճակալներով: Մեծ ծավալ կավելանա Դիլիջանի բժշկական կենտրոնում, որտեղ մի մասն է շահագործված: Արմենիա բժշկական կենտրոնը կմիանա հունիսի 24-ին՝ 50 մահճակալով և 8 վերակենդանացման մահճակալով»,-ասաց Թորոսյանն ու նշեց, որ գործընթացը դանդաղում էր հիմնականում թթվածնային համակարգերի մատակարարումների հետ կապված:

Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգին միանալու փուլում է նաև Սպիտակի ԲԿ-ն՝ ամբողջությամբ և Մարտունու ԲԿ-ի մոտ 50 մահճակալները: Արդեն միացել է նաև Վեդու բժշկական կենտրոնը: Նախարարը շեշտեց, որ սա մի աննախադեպ մոբիլիազիացիա է առողջապահական ռեսուրսների՝ թե մարդկային, թե շենքային, թե սարքավորումների, թե ֆինանսական՝ ուղղված կարիք ունեցող բոլոր քաղաքացիների բուժմանը: Նախարարը նշեց, որ դա, իհարկե, երբեք չպետք է փոխարինի հակահամաճարակային միջոցառումներին:

Հայաստանում հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20 588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 980 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 96843 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 360 դեպք:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում