Երբևիցե հարցականի տակ չենք դնի սահմանադրական կարգը՝ լուծելու մեր առջև դրված խնդիրները. պատգամավոր
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Սահմադրական դատարանին առնչվող նոր նախագծով ԱԺ-ի լիազորությունների շրջանակում իրենք միջանկյալ լուծում են տալիս ՍԴ-ի խնդրին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայրապետյանը նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկմանն իր ելույթում:
«Ըստ իս՝ բալանսավորված, կոմպրոմիային լուծում է մեր լիազորությունների շրջանակում: Եվ մենք երբևիցե որևէ կերպով հարցականի տակ չենք դնի սահմանադրական կարգը՝ մեր առջև դրված խնդիրները լուծելու համար: Հենց դրա համար էր ընտրվել խնդիրների լուծման համար ամենաժողովրդավար՝ հանրաքվեի տարբերակը: Այդուհանդերձ, հասկանալի պատճառներով հանրաքվեն տեղի չունեցավ, և ես կարծում եմ, որ մեր լիազորությունների շրջանակում մենք փոքր-ինչ միջանկյալ լուծում ենք տալիս Սահմանադրական դատարանի խնդրին: Եվ այս լուծումը ամբողջությամբ համապատասխանում է այն լիազորություններին, որոնցով մենք օժտված ենք»,-ասաց Հայրապետյանը:
Պատգամավորի կարծիքով՝ խնդրի ավելի գլոբալ և համակարգային լուծման համար հետագայում, երբ ամբողջությամբ կհաղթահարվի համաճարակը, կարող են գնալ սահմանադրական փոփոխութունների փաթեթի, և դրանով վերջնականապես ստեղծել իրավիճակ, որտեղ իշխանության երեք ճյուղերը կհավասարակշռեն միմյանց:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի մեծ խումբ պատգամավորներ: Դրանով, ըստ էության առաջարկվում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարել ավարտված եւ պաշտոնավարումը դադարեցնել: Իսկ ՍԴ այն անդամ/դատավորները, որոնք ընդհանուր տևողությամբ 12 տարվանից պակաս են պաշտոնավարել, կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը:
Աննա Գրիգորյան