Հասարակական

Լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ կապված հարցերն անմիջական ուշադրությանս ներքո են․ ՄԻՊ 

2 րոպեի ընթերցում

Լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ կապված հարցերն անմիջական ուշադրությանս ներքո են․ ՄԻՊ 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց լրագրողների մասնագիտական աշխատանքի ժամանակ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի անմիջական ուշադրության ներքո է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թաթոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և նշել, որ հունիսի 14-ից սկսած մինչև հունիսի 16-ի ուշ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործել է գերբեռնված ռեժիմով։

«Այս պահին ուզում եմ 3 հարցի վերաբերյալ պարզաբանում անել՝ լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ կապված հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են։ Ոստիկանության հետ միջադեպի տեսանյութերը մանրամասն կուսումնասիրենք և ըստ ուսումնասիրության արդյունքների՝ կորոշենք միջոցների հարցը։ Կաշխատենք նաև լրագրողների հետ անհատապես»,- նշել է ՄԻՊ-ը։

Ազգային ժողովի շենքի մոտից բերման ենթարկված ըմբշամարտիկ Ռոման Ամոյանի վերաբերյալ Թաթոյանն հայտնել է, որ իր իսկ նախաձեռնությամբ արդեն խոսել է մարզիկի հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը գրել է, որ իրենց մոտ այդ հարցով նախաձեռնված է առանձին վարույթ։

Հունիսի 16-ի ուշ երեկոյան ՄԻՊ աշխատակազմի 1 խումբ աշխատել է նաև Ոստիկանության բաժիններից մեկում՝ համաձայն ստացած ահազանգի։

Ազգային ժողովը հունիսի 16-ին քննարկել և անձեռնմխելիություն զրկել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։

Ազգային ժողովի, իսկ ավելի ուշ նաև Ազգային անվտանգության ծառայության շենքերի մոտ հունիսի 16-ին հավաքվել էին Գագիկ Ծառուկյանի աջակիցները, ովքեր պահանջում էին դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

Արդյունքում ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 150-ից ավելի քաղաքացի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում