Հասարակական

Քննչական կոմիտեն խուզարկում է Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատասենյակը

2 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեն խուզարկում է Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատասենյակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկում են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատասենյակը։

«Արմենպրես»-ի հաղոդմամբ՝ այս մասին Զոհրաբյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ քննիչը զանգել է իրեն և ասել է, որ պետք է խուզարկեն ԱԺ-ի իր աշխատասենյակը։ Նա թույլ չէր տվել այդ գործողություններն իրականացնել միայնակ՝ ասելով, որ ինքը պետք է հասնի խորհրդարան և այնտեղ էր հրավիրել լրատվամիջոցներին ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Նրա այս հայտարարությանը հետևել էր ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանի հայտարարությունը, որն ասել էր, թե իրականությանը չի համապատասխանում ԱԺ աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու լուրը։

Չնայած այդ ամենին, Նաիրա Զոհրաբյանը հասել էր ԱԺ, որտեղ հունիսի 16-ին քննարկվում է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Զոհրաբյանը նախընտրել է մասնակցել նիստին։

«Ինձ քննիչը հարցրեց՝ արդյոք կարող են առանց իմ ներկայության խուզարկել, ասել եմ՝ այո: Այս պահին իմ փաստաբանները կլինեն կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում և կմասնակցեն ողջ գործընթացին»,- նշել է պատգամավորը:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում