ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում չեն համարում: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նշեց, որ իրականացվողը զուտ իրավական գործընթաց է:
«Մենք երբևէ չենք շարժվել քաղաքական բռնաճնշումներով: Կա քրեական գործ, դրա շրջանակներում կատարվել են գործողություններ: Սա իրավական ընթացակարգ է»,- ասաց Փամբուխչյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի խոսքով՝ Հայաստանում վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ որևէ մեկի նկատմամբ կարող է քաղաքական ճնշում կամ հետապնդում իրականացվել քաղաքական հայացքների համար:
«Վստահ եմ, որ այն ամենն, ինչ արվում է, իրավական գործընթաց է: Թող որևէ մեկը քրեական գործընթացը չխառնի քաղաքական գործընթացներին»,- նշեց Պողոսյանը:
Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշեց, որ անտրամաբանական է քաղաքական հետապնդում իրականացնել նախկինում գործած հանցանքների հիման վրա: Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց ոստիկանության իրականացրած գործողությունների իրավաչափությանը, պատգամավորն ասաց, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը պետք է գործի համաչափ:
«Լսել եմ, որ կին պատգամավորների հետ կապված խնդիրներ են եղել: Առաջիկա ժամերի ընթացքում մեր գործընկերներով կքննարկենք իրավիճակը, եթե տեսնենք, որ իրավապահների գործողությունները անհամաչափ են եղել, «Իմ քայլը» հանդես կգա քաղաքական հայտարարությամբ»,- ասաց Բաղդասարյանը:
Գագիկ Ծառուկյանն հարցաքննվում է Ազգային անվտանգության ծառայությունում, որի մոտ հավաքվել են նրա աջակիցները։ Շենքի մոտից 91 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն։
Ավելի վաղ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ընկերությունը պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների վնաս է պատճառել։
Մեկ այլ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:
Ծառուկյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում է, որտեղ հարցաքննվում է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն անդրադարձել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին։ «Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մանե Գեւորգյանը։
Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստում անդրադարձել էր կառավարության գործունեությանը եւ քննադատություն հնչեցրել։
Նորայր Շողիկյան