Հասարակական

ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է. ՀՀ վարչապետը ներկայացրեց ԱԱԾ նոր տնօրենին

4 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է. ՀՀ վարչապետը ներկայացրեց ԱԱԾ նոր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին իր կատարած աշխատանքի համար և հավելեց, որ իրենց մոտ աշխատանքի այդ ընթացքում հաստատվել են լավ մարդկային հարաբերություններ և փոխըմբռնում։

«Այժմ, ուրախ եմ ներկայացնել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին։ Ցանկանում եմ նրան հաջողություններ մաղթել այս կարևորագույն պաշտոնում իր գործունեության համար։ Ձեր ուսերին բարդ առաքելություն է դրվում, և ես համոզված եմ, որ դուք կկարողանաք ԱԱԾ-ի պրոֆեսիոնալ ու կարող ներուժը համախմբել ձեր շուրջ և այդ կառույցը նոր հաջողութունների, նոր փառքի և նոր իմիջի հասցնել, որն ընդունելի կլինի ՀՀ քաղաքացիների համար»,- նշեց ՀՀ վարչապետը։

Նա ընդգծեց, որ ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց պետք է արձանագրել նաև, որ մարտահրավերները և դրանց արձագանքելու տեմպն ու որակն անընդհատ բարելավվելու կարիք ունեն։

Քյարամյանի առաջ վարչապետը հենց այդ խնդիրն է դրել, որպեսզի ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կարողանա արձագանքել այն մարտահրավերներին, որոնք լինում են անվտանգության ոլորտում։

«Անվտանգության նշանակությունը ժամանակի ընթացքում փոխվում է, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնք նախկինում գուցե կանխատեսված չէին, սկսած կորոնավիրուսի համավարակից, վերջացրած տեղեկատվական, քաղաքական անվտանգության խնդիրներով, կոռուպցիայի դեմ պայքարով։ Կարծում եմ, որ այս երկու տարին, որ մենք աշխատել ենք, բավարար ժամանակ է, որպեսզի ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցները, ներկայացուցիչները դիրքավորվեն ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխության, այսինքն՝ ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ»,- ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ 2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելով, իր համար կարևորագույն խնդիր է եղել հատկապես այնպիսի կառույցներում, ինչպիսին ԱԱԾ-ն է, ուժային այլ մարմիններն են՝ ապահովել համակարգերի կայունությունը, չանել անկանոն գործողություններ և շարժումներ, ու ստեղծել հնարավորություններ, որպեսզի բոլորը, ովքեր ունեն դրա մղումն ու ձգտումը, ադապտացվեն և դիրքավորվեն նոր իրողությունների նկատմամբ։

«Ինչպես պետական համակարգում, այնպես էլ ԱԱԾ-ում պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ։ Դրա հիմքում պետք է դրվի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ազգային անվտանգության ծառայության կանոնադրական և օրենսդրական խնդիրների լուծմանը։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ ինչպես կառավարման համակարգում, այնպես էլ այս ոլորտում դեռևս կան մարդիկ, ովքեր գործում են այս տրամաբանությանը հակառակ»,- նկատեց Փաշինյանը։

Արգիշտի Քյարամյանը 2020 թվականի մայիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ նա նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Հունիսի 8-ին նշանակվել է ԱԱԾ տնօրեն։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում