Հասարակական

Շփումների ժամանակ մարդկանց պետք է վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Շփումների ժամանակ մարդկանց պետք է վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է իրենց շփումներում մարդկանց վերաբերվել որպես կորոնավիուսի պոտենցիալ աղբյուր, իր պատմությունը չկրկնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ անդրադառնալով իր և իր ընտանիքի անդամների վարակմանը:

«Ակնհայտորեն ես եմ վարակվել և վարակել եմ մյուսներին: Ինձ համար միանշանակ է, որ ինչ-որ տեղ հակահամաճարակային կանոնների հետ կապված սխալ եմ թույլ տվել, կամ որևէ մեկն է այդ սխալը թույլ տվել: Ուստի, ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիդ խնդրել, կոչ անել, որ իմ պատմությունը չկրկնեք: Կարծում եմ, որ մեր դեպքը վկայում է նաև, որ ընդհանրապես մեր բոլոր շփումներում, շրջապատի բոլոր մարդկանց պետք է վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր, որովհետև ես և մեր ընտանիքի որևէ անդամ որևէ ախտանիշ չի ունեցել: Եվ իմ ախտորոշումը տեղի է ունեցել ընդամենը այն բանի շնորհիվ, որ ես պարբերաբար թեստ եմ հանձնում: Վաղը չէ մյուս օրը Արցախի Հանրապետություն մեկնելու ծրագրեր կար, և քանի որ կարող էր այնտեղ պատահել այնպես, որ զինվորների հետ շփում լիներ, որոշեցի ախտորոշվել, նոր մեկնել, և տեղի ունեցավ դրական ախտորոշումը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ, ըստ էության, հանրապետությունում մոտավորապես 18-20 հազար մարդ կարող են ասիմպտոմ լինել, այսինքն՝ չախտորոշված դեպքեր լինել: Վարչապետը կրկին բոլորին կոչ արեց պահել հակահամաճարակային կանոնները: «Մեր ընտանիքն ամբողջ կազմով մեկուսացած է վարչապետի կեցավայրում: Այս պահի դրության ախտանիշներ չունենք»,-ասաց Փաշինյանն ու նշեց՝ ճեպազրույցից առաջ ջերմությունը չափել է, այն 36.5 է եղել:

Վարչապետը շարունակում է աշխատել: Հունիսի 1-ի պարետատան նիստը վարչապետը հեռավար է վարել: Նա վստահեցրեց՝ վաղվանից ավելի շատ կինտեգրվի աշխատանքներին, այսինքն՝ ավելի շատ կփորձի վերադառնալ սովորական աշխատանքային գրաֆիկին:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում