Հասարակական

Գավառի հիվանդանոցում հարձակման հետևանքով վիրավոր անձանցից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում

2 րոպեի ընթերցում

Գավառի հիվանդանոցում հարձակման հետևանքով վիրավոր անձանցից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավոր անձինք գտնվում են տարբեր հիվանդանոցներում․ մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Վիրավորներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում, բայց այլ մանրամասներ չեմ կարող ասել։ Բարեբախտաբար, բժշկական անձնակազմից զոհեր, վիրավորներ չկան, սակայն այդ փաստը ոչ մի կերպ չի արդարացնում նմանատիպ վարքագիծը։ Բուժաշխատողների հանդեպ ցանկացած ոտնձգություն՝ շատ ավելին է, քան, եթե դա լինի փողոցում կամ կենցաղում»,- նշեց նախարարը։

Լրագրողի հարցին՝ արդյոք տեղեկությունները ճի՞շտ են, որ վիրավորների վզի հատվածում են վնասվածքներ հասցվել, Թորոսյանը չպատասխանեց և ընդգծեց, որ այս պահին իրավապահ մարմինները զբաղվում են։

ՀՀ առողջապահության նախարարն ասաց, որ հիվանդանոցում վնասվել են պատերը, դռները, պատուհանները, սանհանգույցները, դրանք առաջիկայում կվերականգնվեն։

Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որից հետո հարձակում էր տեղի ունեցել նաև հիվանդանոցի վրա։

Շանթ Խլղաթյան

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում