Տնտեսություն

ՀՀ տնտեսական աճի ներուժը բավականին բարձր է. «Մուդիս»

2 րոպեի ընթերցում

 ՀՀ տնտեսական աճի ներուժը բավականին բարձր է. «Մուդիս»

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաջորդ մի քանի տարիների համար Հայաստանում դեռևս առկա է բարձր՝ մոտ 5-6 տոկոս տնտեսական աճի ներուժ: Այս մասին կանխատեսել է «Մուդիս» միջազգային վարկանիշային կազմակերպությունը 2020թ. ապրիլյանզեկույցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` զեկույցի համաձայն` Հայաստանի տնտեսությունը կայուն աճի ներուժ ունի, չնայած այս տարվա հավանական ստագնացիային, այնուամենայնիվ ամուր տնտեսական և ֆինանսական կառավարումն օգնում է ուժեղացնել տնտեսության դիմակայությունը և մեղմել ցնցումների ազդեցությունը։

Կառույցը կանխատեսել է, որ կորոնավիրուսի բռնկմամբ և նավթի ցածր գներով պայմանավորված՝ 2020թ-ին Հայաստանում կգրանցվի ստագնացիա` շեշտադրելով ՀՀ տնտեսության դրական հեռանկարը։

«ՀՀ-ում առկա է բարձր՝ մոտ 5-6 տոկոս տնտեսական աճի ներուժ հաջորդ մի քանի տարիների համար, քանի որ Հայաստանում առկա է իրական ՀՆԱ-ի հավելաճին նպաստող գործոնների դիվերսիֆիկացում: Ակնկալվում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2020թ-ին կլինի շուրջ 0.5%, իսկ 2021թ-ին այն արագ տեմպերով կվերականգնվի», - ասված է զեկույցում։

Մակրոտնտեսական քաղաքականությունների ու ինստիտուտների նկատմամբ բարելավված վստահությունն ու դրանց արդյունավետությունը, ինչպես նաև կոռուպցիայի և օրենքի գերակայության վերահսկողության ուժեղացմանը միտված կառուցվածքային բարեփոխումները, զսպում են տնտեսական ցնցումների բացասական ազդեցությունը։

Զեկույցում կարևորվել է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշը կարող է բարելավվել, եթե հետագայում իրականացվեն բարեփոխումները, որոնք կբարձրացնեն Հայաստանի տնտեսական մրցունակությունը, ինստիտուցիոնալ հեղինակությունն ու արդյունավետությունը։ Ինչպես նաև արտաքին դիրքի կառուցվածքի բարելավումը, պայմանավորված մրցունակության բարձրացմամբ և օտարերկրյա ուղղակի ներդրումներով, նույնպես կնպաստի վարկանիշի բարձրացմանը։ Հայաստանի սուվերեն վարկանիշը կարող է նվազեցվել բարեփոխումների թափը թուլանալու դեպքում։

Գոռ Ծառուկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում