Երկու զինծառայողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. նրանք նախապես մեկուսացված են եղել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ևս 2 զինծառայողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նոր դեպքերը փոխկապակված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Հաստատված դեպքերը փոխկապակցված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողները հոսպիտացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Երկու զինծառայողներն էլ նախապես մեկուսացված էին»,- գրել է Ստեփանյանը:

Խոսնակը նշել է, որ ընդհանուր հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։ Զինծառայողների հետ սերտ շփում ունեցածները շարունակում են մնալ մեկուսացված հատուկ առանձնացված տարածքում, որն ապահովված է կենցաղային անհրաժեշտ պայմաններով լիարժեք մեկուսացման համար։ Մեկուսացված զինծառայողներին մատուցվում է բարձրակարգ սնունդ։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը, ըստ անհրաժեշտության, պարբերաբար տեղեկություններ կտրամադրի զինված ուժերում կորոնավիրուսի ներթափանցման և տարածման դեմ տարվող պայքարի և ընթացիկ վիճակագրության մասին։ Հորդորում ենք հետևել միմիայն պաշտոնական տեղեկատվությանը։ Զինված ուժերում արվում է առավելագույնը վիրուսի դեմ պայքարելու համար։ Այժմ զինծառայողների մեկուսացման վայրում եմ, որտեղից էլ րոպեներ անց կապահովեմ ուղիղ եթեր, տեսնենք` ինչպես են մեր զինծառայողները»,- նշել է Շուշան Ստեփանյանը:

Մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ երեք զինծառայողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, իսկ 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:

«Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ»,- նշել էր Տոնոյանը:

Նախարարը հավելել էր, որ ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից, նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 27-ին մեկ քաղաքացի մահացել է: Մեկուսացումից դուրս է եկել 100-ից ավելի մարդ:

Հայերեն English Русский

Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

Գյումրիում տոնական միջոցառումներ են անցկացվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Դուք նշանակալի ներդրում եք ունենում ԵԱՏՄ տարածքում համագործակցության ամրապնդման գործում. ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները Հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ

Ռուսաստանում կամրջի փլուզումը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարի. կան զոհեր ու վիրավորներ

Հունիսի 1․ Ադրբեջանի կողմից արցախցի երեխաների խաթարված մանկություն, ոտնահարված իրավունքներ

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ. Փաստերի ստուգման հարթակ

ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ