Թորոսյանը կորոնավիրուսից պաշտպանվելու համար հորդորում է թողնել ծխելը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսից պաշտպանվելու համար հորդորում է թողնել ծխելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Անընդհատ ինձ զսպում եմ սրա մասին խոսելուց, որ ինձ կրկին չմեղադրեն «ծխելու դեմ» պայքարի մեջ։ Բայց այլևս չեմ կարող... Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խորը խոցված են։ Խոցված են թե՛ սովորական, թե՛ էլեկտրոնային սիգարետներով և թե՛ նարգիլեով։ Չե՞ք ուզում ծանր հիվանդանալ կորոնավիրուսով կամ մահանալ դրանից։ Թողե՛ք ծխելը հենց հիմա»,- գրել է Թորոսյանը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 249 է: