Հասարակական

Արսեն Թորոսյանն այցելել է կորոնավիրուսի բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ

3 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանն այցելել է կորոնավիրուսի բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման ընթացքին, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թորոսյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

«Այսօր այցելեցի հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման ընթացքին, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքներին։ Որոշ բժշկական կենտրոններում արդեն իսկ բուժում են ստանում մեծաթիվ պացիենտներ, սակայն մահճակալային ֆոնդը շարունակվում է ծավալվել։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում շուտով ունենալու ենք 151 սովորական և 13 ռեանիմացիոն մահճակալ։ Եվս 40 մահճակալ ունենալու ենք նորակառույց մոդուլում՝ իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար, որի շինարարական աշխատանքները մի փոքր հետաձգվեցին տեխնիկական պատճառներով։ Այն պատրաստ կլինի մոտ օրերս։ Նաև որոշել ենք ինֆեկցիոն հիվանդանոցում տեղադրել համակարգչային տոմոգրաֆ (ՀՏ)՝ կրկին մոդուլային շենքում, որի շինարարությունն արդեն սկսվել է։ ՀՏ-ն անհրաժեշտ է կորոնավիրուսային թոքաբորբերը վաղ հայտնաբերելու համար։ Ոստիկանության հոսպիտալում շուտով կունենանք 170 սովորական և ևս 14 ռեանիմացիոն մահճակալ։ Օրթոպեդիայի կենտրոնում շուտով կունենանք 140 սովորական և 16 ռեանիմացիոն մահճակալ։ Սուրբ Աստվածածին ԲԿ ծննդատան մասնաշենքում, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում ծավալվելու է 76 սովորական և 48 ռեանիմացիոն մահճակալ։ Այս պահին ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք՝ հատուկ կորոնավիրուսային հիվանդության համար, որոնցից ոչ մեկը դեռևս չի օգտագործվում։ Նոր ձեռքբերումներ, իհարկե, դժվարությամբ, նույնպես իրականացվում են»,- գրել է ՀՀ առողջապահության նախարարը։

Հայաստանում մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 235 է: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում