Ժամը 20:00-ից կդադարեցվի Էջմիածնից ելքը սահմանափակելու ու ճանապարհին անձանց ջերմաչափելու գործընթացը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ընդունել դադարեցնել Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել:
Միաժամանակ, Էջմիածնի բնակիչներին, ինչպես նաև մեր ողջ ազգաբնակչությանը, կրկին հորդորում եմ խստագույնս պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները և ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն ու գիտակցություն՝ չմասնակցել ու չկազմակերպել բազմամարդ միջոցառումներ ու հավաքներ, գրիպանման ախտանշանների դեպքում ինքնամեկուսանալ, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմել բժշկի կամ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով»,- գրել է Ավինյանը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: