Հասարակական

Պետությունը ձեռք կբերի թոքերի արհեստական օդափոխության լրացուցիչ ապարատներ

2 րոպեի ընթերցում

Պետությունը ձեռք կբերի թոքերի արհեստական օդափոխության լրացուցիչ ապարատներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է թոքերի արհեստական օդափոխության ևս 11 ապարատ ձեռք բերել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ արտահերթ նիստում հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին նախագծի քննարման ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին, թե երկրում թոքերի արհեստական օդափոխության քա՞նի ապարատ կա և արդյոք դրանք բավարար են։

«Երկրում այս պահին կա 360 ապարատ, 11 հատ ձեռք ենք բերում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում պատրաստած կա 15 հատ։ Այս գործընթացը կլինի շարունակական։ Երկրում ճգնաժամ չի, չի ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ մենք այդ սարքերի կարիքն ունենանք։ 30 կորոնավիրուսով ախտորոշված դեպքից ունենք ընդամենը 2 հոգի, ովքեր թոքաբորբ են տանում, և նրանցից մեկը գտնվում է ռիսկային խմբում»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մինչ այս պահը չի եղել և հիմա էլ Հայաստանի Հանրապետությունում չկա թոքերի արհեստական օդափոխության ապարատի խնդիր։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում