Հասարակական

Փաշինյանը հորդորում է «խուճապային» գնումներ չիրականացնել

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը հորդորում է «խուճապային» գնումներ չիրականացնել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է քաղաքացիներին «խուճապային» գնումներ չիրականացնել՝ մթերքի և այլ ապրանքների գնաճը բացառելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ԱԺ արտահերթ նիստում հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին նախագծի քննարման ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ մթերային խանութներում և դեղատներում առկա գնաճի մասին հարցին։

«Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովը պայքարում է գնաճի դեմ։ Կարծում եմ, որ գնաճի դեմ կարող ենք պայքարել մենք ինքներս՝ սպառողներս, երբ պայմանավորվենք, որ «խուճապային» գնումներ չենք իրականացնի։ Ես ճշտել եմ, ինձ զեկուցել են, որ պարենի կամ որևէ այլ ապրանքի հետ կապված պակասի խնդիր չկա»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մարտի 8-ի համեմատ, մարտի 15-ին մթերային խանութներում 20 տոկոսով գրանցվել էր առևտրի աճ։ ՀՀ վարչապետը միևնույն ժամանակ շեշտեց, որ չնայած առևտրի աճ կա, սակայն խանութների ցուցափեղկերում ապրանքի պակաս չկա։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

Հայաստանի Հանրապետությունում մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ը 09։00-ը, հայտարարվել է արտակարգ դրություն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում