Եթե նույնիսկ մեկ ամիս ոչինչ չներկրվի, երկրում սննդամթերքի պակասություն չի զգացվելու. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ հանրապետությունում սննդամթերքի պակասության խնդիր չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:
«Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ինձ զեկուցեց, որ, եթե նույնիսկ մեկ ամիս հանրապետություն ոչինչ չներկրվի, սննդամթերքի պակասություն չի զգացվելու»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ մեկ ամիս ներկրում չունենալու հետ կապված սցենար չկա:
«Չնայած բոլոր սահմանափակումներին՝ առնվազն հիմնական ուղղություններով տրանսպորտային հաղորդակցությունն ու բեռնափոխադրումները պահպանվում են»,- նշեց վարչապետը:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 քաղաքացի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:
ՀՀ կառավարությունը մարտի 16-ին, ժամը 15:00-ին կքննարկի Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հարցը: