Էջմիածնի քաղաքապետարանը կորոնավիրուսի տարածման իրավիճակում պայքար է ծավալել բացօթյա առևտրի դեմ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էջմիածնի քաղաքապետարանը ոստիկանության հետ համատեղ աշխատանքի շրջանակներում կորոնավիրուսի տարածման իրավիճակում շատ խիստ պայքար է ծավալել բացօթյա առևտրի դեմ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«Էջմիածնի քաղաքապետարանը ոստիկանության հետ համատեղ աշխատանքի շրջանակներում շատ խիստ պայքար է ծավալել բացօթյա առևտրի դեմ։ Վաղ առավոտից շարունակվելու են իրականացվել այդ միջոցառումները։ Մեր համաքաղաքացիներին հորդորում եմ չզբաղվել ապօրինի բացօթյա առևտրով, ինչպես նաև չգնել այդ առևտրականներից մթերք»,- նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում հարուցվելու են վարչական վարույթներ այն անձանց նկատմամբ, ովքեր կորոնավիրուսի տարածման այս իրավիճակում կզբաղվեն ապօրինի բացօթյա առևտրով։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 30 մարդ։ Առաջին հիվանդը ապաքինվել ու դուրս է գրվել հիվանդանոցից։ Կորոնավիրուսով վարակվածների թվում գերակշռում են Էջմիածնի բնակիչները, քանի որ Իտալիայից վերադարձած և վարակված մի կին մասնակցություն էր ունեցել նշանադրության արարողության ու սերտ շփում ունեցել մեծ թվով մարդկանց հետ։