Կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար հասարակական տրանսպորտը կախտահանվի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ` «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ն նոր տիպի կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար միջազգային ստանդարտներին համապատասխան մաքրող միջոցներով այսուհետև ախտահանելու է հասարակական տրանսպորտը` ավտոբուսները, տրոլեյբուսները, երթուղային տաքսիները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ախտահանվելու են նաև մետրոպոլիտենի բոլոր գնացքները:
«Ամեն օր` հերթափոխի վերջում` ժամը 19:00-ից մինչև ուշ գիշեր, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող 150 ավտոբուս, 51 տրոլեյբուս և մետրոյի 33 շարժակազմ ախտահանվելու է: Մենք մաքրում ենք միջազգային ստանդարտներին համապատասխան ֆրանսիական հատուկ ախտահանիչ միջոցներով»,- ասաց «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Մելս Պողոսյանը:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը նշեց, որ դեռևս հստակ չգիտեն, թե որքան կտևեն այս ախտահանման միջոցառումները: «Այս ախտահանման աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ և Առողջապահության նախարարի կողմից ստացված ցուցումների հիման վրա»,- ասաց Գալստյանը:
«Արմենպրես»-ի նկարահանող խումբը եղավ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում և «Երևան էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի պարկում, որտեղ մասնակցեց քաղաքային տրանսպորտի ախտահանման գործողություններին: «Այսօր շահագործվում է 51 տրոլեյբուս, որոնք կախտահանվեն այնքան ժամանակ, մինչև տեսնենք, թե կորոնավիրուսն ինչպիսի տարածում կունենա: Առավոտյան` աշխատանքը սկսելիս, վարորդները կտեղեկացնեն ուղևորներին ախտահանման մասին, որպեսզի նրանք վստահ լինեն, որ հասարակական տրանսպորտը հնարավորինս անվտանգ է»,- նշեց «Երևան էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Երեմյանը:
Ախտահանման գործողություններ իրականացվելու են նաև Երևանի Կ. Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենում: