Հասարակական

Կազմակերպվել է հայ-վրացական առաջնորդների ու փորձագետների ֆոկուս խմբի երկրորդ հանդիպումը

3 րոպեի ընթերցում

Կազմակերպվել է հայ-վրացական առաջնորդների ու փորձագետների ֆոկուս խմբի երկրորդ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագրի շրջանակներում Քաղաքական դասընթացների Երևանի և Թբիլիսիի դպրոցները կազմակերպում են ֆոկուս խմբերի հանդիպումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, տուրիզմի` որպես տնտեսական աճի խթանի և խտրականությանը վերաբերող օրակարգերով: Հայ-վրացական ֆոկուս խմբի երկրորդ հանդիպումը, նվիրված խտրականության դեմ պայքարին, տեղի ունեցավ Հայաստանում, Դիլիջան քաղաքում, 2020թ. փետրվարի 8-9-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկօրյա միջոցառման ընթացքում Քաղաքական դասընթացների Երևանի և Թբիլիսիի դպրոցների ընդհանուր թվով 20 ներկայացուցիչներ քննարկեցին Հայաստանում և Վրաստանում հավասարությանը, մարդու իրավունքներին և խտրականությանը վերաբերող հարցեր: Երիտասարդ առաջնորդների խումբը քննության առավ առկա իրողություններն ու մարտահրավերները՝ ընդգծելով կրթությանն ու հանրային իրազեկմանն ուղղված գործողությունների կարևորությունը` հանդուրժողականության և բազմազանության մշակույթ հաստատելու, և հավասարությունը որպես մարդու իրավունքների հիմնարար տարր ընկալելու համար:

Հայ և վրացի փորձագետները ներկայացրեցին իրավիճակը, իրավական կարգավորումները և մոտեցումները, որոնք հնարավորություն կտան հաղթահարել խտրականության ենթարկվող բոլոր խմբերի համար գոյություն ունեցող մարտահրավերները և արդյունավետորեն պաշտպանել նրանց: Քննարկումները ծավալվեցին խտրականության հիմքերին, ներքին օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին, հաշմանդամությանը, քաղաքական պատկանելությանը կամ սոցիալական կարգավիճակին, կրոնին և հավատքին, կարիերայում, ինչպես նաև կրթության և զբաղվածության ոլորտում հավասար իրավունքներին վերաբերող թեմաների շուրջ:

Քաղաքական դասընթացների Երևանի և Թբիլիսիի դպրոցների փորձագետների կոնկրետ գործողությունների ծրագիրը՝ մշակված ֆոկուս խմբի քննարկումների արդյունքում, տեղ կգտնի առաջարկությունների փաթեթում: Փաստաթուղթը կօգնի իշխանություններին պայքարել խտրականության դեմ և նպաստել հավասարությանը՝ որպես մարդու հիմնարար իրավունքի և սոցիալական արդարության սկզբունքի: Քաղաքականության մշակման առաջարկությունների փաթեթը կներկայացվի 2020 թվականի հունիսին՝ Հայաստանում կայանալիք միջոցառմանը:

«Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության կողմից՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության գործիքի արագ արձագանքման մեխանիզմի միջոցով: Ծրագիրն իրականացնում է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի հետ համագործակցաբար: Երկու կազմակերպությունն էլ Քաղաքական դասընթացների դպրոցների եվրոպական ասոցիացիայի ցանցի մաս են կազմում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում