Հասարակական

Վարչապետը նախագահին առաջարկել է 105-ամյա իտալահային ՀՀ քաղաքացիություն շնորհել

3 րոպեի ընթերցում

Վարչապետը նախագահին առաջարկել է 105-ամյա իտալահային ՀՀ քաղաքացիություն շնորհել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել է քաղաքացիություն շնորհել Հայաստանում գտնվող 105-ամյա իտալահային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. ՀՀ նախագահին առաջարկել եմ մեր հայրենակից 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն շնորհել՝ իր դիմումի համաձայն: Ն.Յ.-ն ծնվել է 1915 թվականին, Արեւմտյան Հայաստանում, ներկայումս բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ 105 տարեկանում ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ունենալով Իտալիայի քաղաքացիություն: Աշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն։ Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի»,-նշել է վարչապետը:

Իտալիայիքաղաքացի 105-ամյահայազգիՆուրհանԲողոսի Ժոզեֆովիչնարդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում է: Որոշել է կյանքի մնացած հատվածը ոչ միայն Հայաստանում անցկացնել, այլև ստանալ ՀՀ քաղաքացիություն:

«Հայաստան եկել եմ առաջին անգամ: Ցավոք, աշխատանքային տարիներս այնպես դասավորվեցին, որ չկարողացա այդ ընթացքում լինել Հայաստանում: Ինչպես ասում են, երբեք ուշ չէ, մեծ սիրով եմ եկել և շատ ուրախ եմ, որ այստեղ եմ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նուրհան պապը:

Նուրհան Ժոզեֆովիչը ծնվել է 1915 թվականին Թուրքիայում: Սկզբում ընտանիքով բնակվել են Ստամբուլում, այնուհետև տեղափոխվել Անկարա: Հայրը առևտրական էր, գլխակագործ: Նյութերը բերում էր Իտալիայից և տեղում կարում գլխարկներ: Երեխաների լավ կրթություն ստանալու համար ապահովել է ամեն հնարավոր պայմանները: Նուրհան Ժոզեֆովիչը կրթություն է ստացել տեղի իտալական դպրոցում: Միշտ աչքի է ընկել առաջադիմությամբ, և պատահական չէ, որ իտալացի մասնագետների ուշադրության կենտրոնում է եղել: Կրթությունն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Թուրքիայում Իտալիայի դեսպանատանը: Սկզբում աշխատում էր որպես մշակույթի գծով քարտուղար: Այդպես սկսում է իր դիվանագիտական աշխատանքը: Հետագայում Նուրհան Ժոզեֆովիչն աշխատում է դեսպանատանը որպես ռազմական ատաշեի երրորդ, այնուհետև երկրորդ քարտուղար, իսկ դիվանագիտական գործունեությունն ավարտել է առաջին քարտուղարի պաշտոնում:

Կենսաթոշակային տարիքում արդեն մեկնել է Իտալիա, որտեղ և բնակվել է որոշ ժամանակ: Եվ ահա ամիսներ առաջ տեղափոխվել է Հայաստան: Նուրհան պապը զավակներ չունի, մայրն ու կինը մահացել են, և այժմ նա Հայաստանում բնակվում է քրոջ ու քրոջ տղայի ընտանիքի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում