Հասարակական

«Ես կամ, ես գործելու եմ». քաղցկեղի դեմ պայքարի օրը մետրոյի կայարանում բացվեց ցուցահանդես

3 րոպեի ընթերցում

«Ես կամ, ես գործելու եմ». քաղցկեղի դեմ պայքարի օրը մետրոյի կայարանում բացվեց ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվեց քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված «Ես կամ, ես գործելու եմ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կայացավ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ։

ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տարի քաղցկեղի դեմ պայքարին մասնակցում են տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք:

«Քաղցկեղի դեմ պայքարին հիմնականում մասնակցում են բժիշկները, բուժաշխատողները, սակայն այս տարի որոշեցինք հասարակության առավել լայն շերտի անդամներին ներգրավել իրազեկման այս ակցիային: Այսօր այս նախաձեռնությանն ինտեգրվել են դիջեյներ, բլոգերներ, մետրոպոլիտենի, ԱԻՆ-ի աշխատակիցներ, ուսուցիչներ և այլք»,- ասաց Գյոկչյանը:

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում փակցված են պաստառներ, որտեղ հայտնիները և ոչ միայն տարբեր կոչերով ոգեշնչում են քաղցկեղով հիվանդ անձանց և քաջալերում այլ անձանց վաղաժամ ախտորոշել այդ հիվանդությունը:

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ շեշտեց, որ պաստառների հերոսները նաև մետրոպոլիտենի աշխատակիցներն են, ովքեր հասարակության լիիրավ անդամներ են:

«Նրանք քարոզում են, որ պետք է հաճախ ստուգվել, որպեսզի հիվանդության առկայության դեպքում այն վաղ ախտորոշվի և անձինք համապատասխան բուժում ստանան: Քաղցկեղը դատավճիռ չէ և այն հնարավոր է շուտ ախտորոշել և կանխարգելել»,- նշեց Ավետիսյանը:

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը ևս մեկ անգամ առիթ է՝ կոչ անելու մարդկանց ժամանակին դիմել բժշկի, մասնակցել սքրինինգային ծրագրերի, քանի որ վաղ հայտնաբերումը համարվում է բուժման գրավականը: 2019-2021թթ քարոզարշավի թեման է՝ «Ես կամ և ես լինելու եմ», որի նպատակն է սերմանել այն միտքը, որ անձնական գործողությունները կարող են լինել հզոր և ազդեցիկ՝ հակադրելով բացասական վերաբերմունքին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում