Ապակեմանրաթելային խողովակների արտադրության ոլորտում կիրականացվի 10.7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «ՋԻԱՐՓԻ սիսթեմս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումները, հումքը, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Կոտայքի մարզում ապակեմանրաթելային խողովակների արտադրության համար։
Ըստ հիմնավորման, արդեն իրականացվել է 4.8 մլրդ դրամի ներդրում` գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման նպատակով ձեռք բերված սարքավորումների համար: Տեղադրվել են խողովակների արտադրության երկու հոսքագիծ: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 10.7 մլրդ դրամի ներդրում՝ ցանկում նշված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 30 աշխատատեղ և ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս 30 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 13 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10.7 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է914 մլն դրամ: