Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գնել Սանոսյանը բաց դաս վարեց Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում

Գնել Սանոսյանը բաց դաս վարեց Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում


ԳԱՎԱՌ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը բաց դաս վարեց Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբի եւ լրագրողական խմբակում ընդգրկված աշակերտների հետ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ինչպես ներկայացրեց «Աժդահակ» էկոակումբի ղեկավար, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նելլի Դռնոյանը, էկոակումբում ընդգրկված աշակերտները ուսումնական պարապմունքներից դուրս զբաղվում են նաեւ բնապահպանական խնդիրներով, էքսկուրսիաների ու էկոճամբարների միջոցով լրացնում իրենց գիտելիքները, կազմակերպում բնապահպանական կարեւոր միջոցառումներ: Այնուհետ մարզպետ Գնել Սանոսյանը աշակերտների հետ ակտիվ զրույց վարեց բաց դասի տեսքով՝ ներկայացնելով արդի աշխարհի բնապահպանական կարեւոր հիմնախնդիրները եւ լրջագույն մարտահրավերները:

«Կյանքի համար կարեւորագույն ու վերականգնվող ռեսուրսները երկուսն են՝ օդը եւ ջուրը, որոնք ոչ մի դեպքում չպետք է աղտոտել: Շատ կարեւոր է նաեւ անտառների ստեղծումն ու պահպանումը, քանի որ դրանք համարվում են թթվածնի արտադրության կարեւորագույն աղբյուր: Մեր մարզում միասին ավելի մտահոգ պիտի լինենք անտառային տարածքների ավելացումով, քանի որ դրանք ոչ միայն քիչ տոկոս են կազմում, այլ նաեւ նվազել ու նվազում են Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկվելու արդյունքում: Շրջակա միջավայրի պահպանության կարեւոր խնդիրներից է կենցաղային աղբի թափոնների կառավարումը: Մեր մարզում դրանք բնապահպանական լուրջ խնդիր են առաջացնում Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի համար: Կարծում եմ, որ մինչեւ 2020 թվականի ամռանը իրականություն կդառնա «Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը», որով նախատեսվում է Հրազդան քաղաքի մոտ կառուցել աղբի վերամշակման գործարան, որտեղ կտեղափոխվի ու կվերամշակվի նաեւ մեր մարզից տեղափոխված աղբը: Մտահոգված ենք նաեւ Սեւանա լիճ թափվող կեղտաջրերի զտման ու մաքրման խնդիրներով, որի ուղղությամբ կազմում ենք իրատեսական ծրագրեր, որոնք շուտով կդրվեն գործողության մեջ: Եթե մենք խնամքով վարվենք մեր ռեսուրսների հետ, ապա մարդկությանը, անկախ նրա թվաքանակից, բավարար կլինի ամեն ինչ: Շատ ուրախ եմ, որ ձեր դպրոցում գործում է բնապահպանական խմբակ, որը միտված է մարդկանց բնապահպանական դաստիարակություն տալուն: Այն նաեւ օրինակելի պետք է լինի մարզի մյուս դպրոցների համար»,-կարեւորեց մարզպետը:
Գնել Սանոսյանը հանդիպեց նաեւ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում գործող «1+1» թերթի խմբագրակազմում ընդգրկված աշակերտներին: Ինչպես ներկայացրեց թերթի խմբագիր եւ պատասխանատու Ռոզա Հակոբյանը, թերթը, հիմնադրվելով 2019 թվականի ընթացքում, արդեն հրատարակվել է ինը համարով, իսկ տարին կեզրափակի եւս մեկով:Թերթի հիմնադիրն ու հովանավորը ոչ միայն հոգացել է հրատարակչական ու այլ կարգի ծախսերը, այլ նաեւ՝ լրագրողական ու խմբագրության դասասենյակի հիմնանորոգման ու կահավորման ծախսերը: Մարզպետը տվեց իր գնահատականը դպրոցական թերթի հիմնադրման ու զարգացման գաղափարի իրականացման շուրջ: «Սովորաբար ներդրողները կամ գործարարները մարզպետարան են ներկայացնում տարաբնույթ ծրագրեր, որոնք հիմնականում վերաբերում են գյուղատնտեսությանը, վերականգնվող էներգետիկային, զբոսաշրջությանը, փոքր կամ միջին ձեռնարկատիրությանը: Թերթի հիմնադրի եւ հովանավորի կողմից մեկ տարի առաջ ներկայացված գաղափարն ինձ ավելի ոգեւորեց, որովհետեւ այսօր տպագիր մամուլի պահպանումը դժվար խնդիր է դարձել էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների ու համացանցի պայմաններում: Բայց որքան էլ զարգանա գիտությունը, էլեկտրոնային լրատվամիջոցները, թերթի դերը, որպես առանձին ու կարեւոր մշակույթ, կենսագիր ու իրադարձությունների արձանագրող, պետք է պահպանվի: Եվ ես շատ ուրախ եմ, որ նորաստեղծ թերթը կազմվում ու լրացվում է ձեր հոդվածներով:Այս թերթում ստեղծագործելիս ձեզ համար կարող են բազմաթիվ նորարարական գաղափարներ ծնվել, որոնք կարող են կյանքի կոչվել ու ծառայել մեր հայրենիքի բարօրությանը: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Շարունակեք նույն եռանդով»,-նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը սիրով պատասխանեց պատանի լրագրողների բազմաբնույթ հարցերին՝ անդրադառնալով մարզի կրթական, մարզամշակութային, բնապահպանական, գյուղատնտեսական ու այլ ոլորտներին վերաբերող հարցերին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am