Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԶԼՄ-ներում տարածվում է ՀՅԴ ներքին խմորումների մասին հայտարարություն, իսկ կուսակցությունից հերքում են

ԶԼՄ-ներում տարածվում է ՀՅԴ ներքին խմորումների մասին հայտարարություն, իսկ 
կուսակցությունից հերքում են

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում և լրատվամիջոցներում լայնորեն տարածվում է ՀՅ Դաշնակցության շարքերում լուրջ խմորումների և կոմիտեների ժողովի մասին մի խումբ դաշնակցականների հայտարարությունը, որը վերագրվում էր ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամներին: ՀՅԴ-ն, սակայն, տարածված հայտարարությունը համարում է կիբեռհարձակման հետևանք և գրություն, որը որևէ կապ չունի միության պաշտոնական տեսակետի հետ:

Դաշնակցական երիտասարների անունից տարածված հայտարարությունում ահազանգ էր հնչեցվում առ այն, որ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները համաձայն չեն ներքաղաքական վերջին գործընթացների վերաբերյալ ՀՅԴ Գերագույն մարմնի որոշումների հետ: «Մենք՝ ստեղծված իրավիճակի պատճառով արհեստականորեն և միտումնավոր դուրս մղվելով կուսակցական առօրյայից, զրկված լինելով Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի կուսակցական կառույցների հետ կապ հաստատելու կանոնագրային հնարավորություններից, ճարահատյալ դիմում ենք այս եղանակին»,- նշվում էր հայտարարության մեջ՝տեղեկացնելով, որ հոկտեմբերի 31-ին հայաստանյան կոմիտեների ժողովի նպատակն է եղել քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու առաջարկը: Հայտարարության հեղինակների փոխանցմամբ՝ ժողովին ելույթ է ունեցել ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ նշելով՝ «որպես դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին»: Նա կանխատեսումներ է արել նաև կուսակցականների, այն թվում երիտասարդների, հնարավոր ձերբակալությունների մասին և հորդորել պատրաստ լինել նման երևույթների՝ չվախենալով դրանցից: Դաշնակցական երիտասարդների անունից տարածված նամակում ահազանգ կա վախի մթնոլորտի ու «կուսակցության ներքին լայն ժողովրդավարության ողբերգական ծանր վիճակի» մասին:

«Հայաստանի գործադիր մարմնի վարած ներքին՝ կուսակցական, և արտաքին՝ պետական քաղաքականությունը օրեցօր գցում է կուսակցության վարկանիշն ու մոտեցնում կուսակցությանը անդունդի եզրին: Երկրի ներսում Գերագույն մարմինը ունենալով շուրջ 6000 անդամ՝ չի կարողանում անհրաժեշտության դեպքում գեներացնել մարդկային ռեսուրսները, միասնական կերպով հանդես գալ, որի վառ ապացույցն է ՀՅԴ ՀԵՄ ԿԳՄՍ նախարարի դեմ ցույցը»,- նշվում է հայտարարության մեջ, հավելումով, որ բողոքի ակցիային մասնակցել էր 50-ի չափ կուսակցական:

 ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից տարածված հաղորդագրությունը վերնագրված էր «ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունը» և նշում էր. «ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը պաշտոնապես հայտարարում է, որ կոտրվել է միության պաշտոնական էջի գաղտնաբառը, և արդեն մի քանի օր է՝ սոցցանցերում ստեղծվում են միության անունը կրող կեղծ էջեր: Այսօր որոշ լրատվամիջոցներով և կայքէջերով տարածվել է անստորագիր մի գրություն, որը որևէ առնչություն չունի միության պաշտոնական տեսակետի հետ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am