Կառավարությունը հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը, դրա գործողությունների շրջանակը և ֆինանսական գնահատականը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ռազմավարությունը միտված է մարդկային կապիտալի զարգացման, զբաղվածության խթանման և ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով ապահովելու մարդու կյանքի որակի շարունակական բարելավում՝ աշխատանքի և մասնագիտական ինքնիրացման ճանապարհով:
«Ռազմավարությամբ նախատեսվում է գործատուների արդյունավետ ներգրավվածություն մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացներում, շրջանավարտների մրցունակության բարձրացում և իրացման հնարավորությունների ընդլայնում, զբաղվածության արդյունավետ և հասցեական ծրագրերի մշակում»,- ասաց փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև զբաղվածության ծառայություն մատուցողների կարողությունների զարգացում, նպաստների համակարգի առաջացրած շահադրդման փոփոխություն, արհմիությունների ինստիտուտի դերի բարձրացում, զբաղվածության փաստահենք քաղաքականության մշակման համար պահանջվող տվյալների հավաքագրում և վերլուծություն և այլն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում