Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՊՀ-ի թիմը լուրջ արդյունք է գրանցել, իսկ Արցախի թիմին թույլ չեն տվել մասնակցել միջազգային մրցույթին

ԵՊՀ-ի թիմը լուրջ արդյունք է գրանցել, իսկ Արցախի թիմին թույլ չեն տվել մասնակցել 
միջազգային մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի թիմը դեկտեմբերի մեկին մասնակցել է Թբիլիսիում կայացած Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթի (ICPC) կիսաեզրափակիչին և անցել եզրափակիչ փուլ, իսկ Արցախի պետական համալսարանի թիմին մրցույթի կազմակերպիչները թույլ չեն տվել ուժերը փորձել անգամ կիսաեզրափակիչում:

Կարևոր հաղթանակի և Արցախի պետական համալսարանի թիմի հանդեպ թույլ տված անիրավության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վահրամ Դումանյանի հետ:

«Սա միջազգային ուսանողական ծրագրավորման ամենահեղինակավոր մրցույթն է, որն ընդգրկում է երկրագունդը: Մի ամբողջ տարի ուսանողական թիմերը հաղթահարում են տարբեր փուլեր մինչև կիսաեզրափակիչ հասնելը:  Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է աշխարհի 2000-ից ավելի համալսարան: Կիսաեզրափակիչը հաղթահարելը և եզրափակիչ դուրս գալն արդեն իսկ մեծ հաղթանակ է, որովհետև պայքարը դաժան է ու բարդ»,-շեշտեց նա ու պատմեց, որ վերջին քսան տարվա ընթացքում Ադրբեջանն առհասարակ դուրս չի եկել եզրափակիչ, Վրաստանի տարբեր համալսարանների հաջողվել է երեք անգամ անցնել եզրափակիչ, իսկ ԵՊՀ-ն Հայաստանի միակ բուհն է, որն առաջին անգամ 2017-ին է անցել եզրափակիչ և այս տարի:

Ծրագրավորման ոլորտում միջազգային ամենահեղինակավոր ուսանողական մրցույթի հայաստանյան թիմի անդամներն են Խաժակ Գալստյանը, Համլետ Միքայելյանը, Լևոն Մուրադյանը, մարզիչը՝ Ալբերտ Սահակյանը:

Անդրադառնալով Արցախի պետական համալսարանի հետ կապված խնդրին` Դումանյանը հիշեցրեց, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Թբիլիսիի ծրագրավորման աջակցության ասոցիացիայի հիմնադիր Թեմուր Զարքուան ասել էր, որ դա պարզապես տեխնիկական սխալմունք էր, և Արցախի թիմը գրանցման հետ խնդիրներ ուներ:

«Նա ինձ էլ ասաց, որ գրանցման հետ կապված խնդիրներ կան, բայց ոչ մի հարց էլ չկար: Արցախի պետական համալսարանի թիմը պաշտոնապես գրանցված էր, ուներ պաշտոնական հրավեր: Զարքուան ինձ ասաց, որ որևէ խնդիր չունի, բայց իր վրա բավականին մեծ ճնշումներ են եղել: Ակնհայտ է, որ այդ ճնշումները եղել են ադրբեջանական կողմից: Ադրբեջանին խրտնացնում է Արցախի պետական համալսարան անվանումը: Հավանաբար, ադրբեջանական կողմի համար դա մահացու անվանում է: Ադրբեջանական կողմը պաշտոնապես ոչ մի հայտարարություն չի արել այդ հարցի շուրջ»,-շեշտեց Դումանյանը:

Նա պատմեց, որ Զարքուայի հետ զրուցել է և հստակ ասել է իրենց տեսակետը, որ Արցախի պետական համալսարանը հայկական բուհ է, ինչպես մեր այլ բուհերը: «Նա շատ անտրամադիր էր ու ակնհայտ էր, որ նրա վրա լուրջ ճնշումներ են եղել, բայց դա որևէ կերպ չէր կարող արդարացնել այն քայլը, որին նա գնաց: Նժարին դրված էր երկու բան` միջազգային մրցույթի կանոնները, իսկ մյուս կողմից ադրբեջանական կողմի ցասումը և կազմակերպիչն ընտրեց երկրորդ կողմը: Նման  երևույթները միջազգային ֆորումներում, մրցույթներում հազվադեպ չեն»,-եզրափակեց  Վահրամ Դումանյանը:

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2020 թվականին Մոսկվայում: Ժամկետները դեռ հստակեցված չեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am