Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ինչով կարևորվեց հայ և ադրբեջանցի լրագրողների փոխանակման ծրագիրը

Ինչով կարևորվեց հայ և ադրբեջանցի լրագրողների փոխանակման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 17-21-ը տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Լրագրողների փոխանակման վերջին նման ծրագիրը տեղի էր ունեցել 18 տարի առաջ՝ 2001թ., և առավել քան բնական էր այս նախաձեռնության նկատմամբ հանրային մեծ ուշադրությունն ու որոշակի զգուշավորությունը:

Հաշվի առնելով ողջ շաբաթվա ընթացքում թեմայի նկատմամբ հանրային հետաքրքրությունը և արձագանքները՝ ամփոփենք այս նախաձեռնության ընթացքը և արդյունքները:

 

Ինչո՞վ էր այն կարևոր:

Նախևառաջ սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ որևէ երկրի նախաձեռնություն չէր: Լրագրողների փոխանակումը կազմակերպվել է դեռ մարտի վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում՝ որպես բանակցային գործընթացի համար խաղաղ միջավայրի ձևավորմանն ուղղված նախաձեռնություն: Փոխանակման կազմակերպման և իրականացման գործընթացում իր դերակատարումն է ունեցել նաև ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը: Շուրջ երկու տասնամյակ դադարից հետո կողմերի միջև նման ծրագրերի վերսկսումը (թեև շարունակականությունը դեռևս հստակ չէ) բավական կարևոր է ընդհանուր ֆոնի փոփոխության և տարիներ շարունակ խորացող անվստահության միջավայրի հաղթահարման տեսանկյունից:

 

Երկրորդ կարևոր գործոնը՝ Արցախյան կողմի ներգրավվածությունն է նախաձեռնությունում: Ադրբեջան այցելած  հայ լրագրողների խմբում ներգրավված է եղել Արցախի պետական հեռուստաընկերության ներկայացուցիչ: Ավելին, ադրբեջանցի լրագրողների արցախյան այցը, հանդիպումները և նրանց անվտանգության ապահովումը կազմակերպել են Արցախի իշխանությունները՝ առանց Հայաստանի մասնակցության: Այն հանգամանքը, որ երկրների ղեկավարների մակարդակով համաձայնեցված լրագրողների փոխանակման  ծրագիրը փաստացի եռակողմ էր, կարելի է որակել նշանակալի ձեռքբերում, որն ընդգծում է Արցախի սուբյեկտայնությունը: Կարևոր է, որ միջազգային խաղաղաշինական տարբեր կազմակերպություններ նույնպես հաշվի առնեն այս հաջող փորձը և իրենց գործունեության շրջանակներում ևս առաջնորդվեն եռակողմության սկզբունքով:

 

Ի՞նչ տվեց ծրագիրը:

Հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի բարդությունը և հանրությունների միջև առկա անվստահության վիհը՝ լրագրողների փոխանակման ծրագրի կազմակերպումն ինքնին կարելի է արդյունք համարել: 18 տարվա դադարից հետո նման ծրագրի հաջող կազմակերպումն ու իրականացումը եղել է բավական բարդ՝ թե՛ անվտանգության, թե՛ քաղաքական հարցերի առումով: Թերևս դրանով էր պայմանավորված, օրինակ, ծրագրի գաղտնիությունը (մինչև նոյեմբերի 23), քանզի դրա վերաբերյալ ցանկացած հայտարարություն կարող էր խնդիրներ ստեղծել լրագրողների անվտանգության և, ընդհանրապես, ծրագրի ընթացքի համար:

Հատկանշական է նաև, որ այս ծրագիրը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ: Այն անհրաժեշտ է դիտարկել որպես փորձնական քայլ՝ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շրջանակներում՝ խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:

Որպես փորձագետ՝ հնարավորություն եմ ունեցել Երևանում մասնակցել ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպմանը: Նախ նշեմ, որ նրանք ներկայացնում էին ադրբեջանական առաջատար իշխանամետ էլեկտրոնային լրատվամիջոցներ՝  Trend, 1News.az, Вестник Кавказа) և քննարկման ընթացքում, ինչպես և կարելի էր ակնկալել, հիմնականում խոսում էին ադրբեջանական պաշտոնական քարոզչության թեզերով: Չնայած ադրբեջանցի լրագրողների կանխատեսելի պատասխաններին, այնուամենայնիվ նման հանդիպումը մասնագիտական տեսանկյունից կարևոր էր և հնարավորություն էր նաև նրանց կարևոր «մեսիջներ» փոխանցելու տեսանկյունից: Մյուս կողմից՝ Ադրբեջան այցելած հայ լրագրողները հնարավորություն են ունեցել շոշափել այդ երկրում առկա հանրային տրամադրությունները, տեղում ծանոթանալ ադրբեջանական քարոզչական նարատիվներին, ինչը, Հայաստան վերադառնալուց հետո, նրանք բավական հետաքրքիր մանրամասներով ներկայացրեցին:

 

Ադրբեջանական մանիպուլյացիան:

Հաշվի առնելով հանրային  մեծ ուշադրությունը նախաձեռնության նկատմամբ՝ ինչպես և կարելի էր կանխատեսել, լրագրողների փոխանակման ծրագրում արցախյան կողմի ներգրավվածությունը ադրբեջանական քարոզչամեքենան «ստիպված եղավ» խեղաթյուրված ձևով մատուցել սեփական հանրությանը: Այս նպատակով գործի դրվեց այսպես կոչված «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը», որի նախագահ Թուրալ Գյանջալիևը հայտարարեց, որ լրագրողական փոխայցելության շրջանակներում տեղի է ունեցել «Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների երկխոսություն»: Այս հայտարարությունը, սակայն, դասական մանիպուլյացիա է և կեղծիք: Ինչպես հայտնի է, Այսպես կոչված «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի հայկական համայնքն» ունի հասարակական կազմակերպության կարգավիճակ, և այդ կառույցի մեկ ներկայացուցիչ հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մասնակցել է Բաքվում հայ լրագրողների հետ հանդիպմանը, որի շրջանակներում քննարկվել են տարաբնույթ հարցեր: Նույն կերպ Երևանում ադրբեջանցի լրագրողների հետ հասարակական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպմանը ներկա է եղել ադրբեջանահայության շահերը ներկայացնող «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգողը, իսկ Ստեփանակերտում նրանց հետ հանդիպմանը մասնակցել է Գետաշենի և Շահումյանի հայ փախստականների շահերը ներկայացնող կազմակերպության ներկայացուցիչ:

Ըստ էության, ադրբեջանական քարոզչամեքենայի այս մանիպուլյացիան փորձ էր ստվեր գցել ծրագրի եռակողմ բնույթի վրա, ինչը բավական կանխատեսելի էր և պետք է անտեսել՝ առաջնային համարելով բուն գործընթացը:

Ամփոփելով պետք է ընդգծել, որ շուրջ 18 տարվա դադարից հետո Արցախի ներգրավվածությամբ նման ծրագրի իրականացումն կարևոր քայլ էր, որը ցանկալի է՝ դառնա շարունակական: Անհրաժեշտ է նաև լինել իրատեսական. այսօր առկա հանրային տրամադրությունների և հակամարտության ընկալումների պարագայում նման նախաձեռնություններից մեծ ակնկալիքներ, հազիվ թե, կարելի է ունենալ, սակայն դրանք անհրաժեշտությունն առկա է հանրությունների փոխճանաչման, շփումների տեսանկյունից:

 

Նարեկ Մինասյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am